Բնապահպանները բաց նամակ են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին.
ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Հարությունյանին
Հարգելի պարոն նախարար
Օգտվելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ և “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով ՀՀ քաղաքացիներին տրված իրավունքից, ինչպես նաև հիմք ընդունելով նույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում տեղեկատվության պարտադիր կերպով տրամադրման դրույթի պահանջը, խնդրում ենք մեզ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի պատճեններով.
1. Ո՞վ և ի՞նչ հիմքով կարող է Հայաստանի կենդանական աշխարհի օգտագործման, ինչպես նաև վերարտադրության կազմակերպման համար իրավունք ձեռք բերել: Տրամադրել մեզ այդ սուբյեկտների ցանկն՝ իրենց տվյալների հետ միասին:
2. Ի՞նչ և որքա՞ն պայմանագրեր են կնքվել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի կենդանական աշխարհի օգտագործմամբ ու վերարտադրությամբ զբաղվող անձանց կամ ընկերությունների հետ: Մեզ տրամադրել այդ պայմանագրերի պատճենները:
3. Ի՞նչ պարբերականությամբ և եղանակով է վերահսկվում նշյալ սուբյեկտների գործառույթները: Տրամադրել վերահսկումների արդյունքում կազմված արձանագրությունների կամ ակտերի պատճենները:
4. Միևնույն ժամանակ մեզ տրամադրել կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության լիազորությամբ օժտված պետական և մասնավոր կազմակերպությունների ֆինանսական և թեմատիկ հաշվետվություններն՝ իրենց կատարած աշխատանքների և ՀՀ բնապահպանության նախարարության գնահատականների վերաբերյալ:
5. Որքանո՞վ է բարելավվել Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը այդ պայմանագրերի իրականացման արդյունքում:
6. Օգտվելով առիթից, խնդրում ենք նաև մեզ տրամադրել մանրամասն տեղեկատվություն ՀՀ կառավարության 06.04.2006թ. թիվ 479-Ա որոշմամբ “Կենդանիների աշխարհ” ՍՊԸ-ին կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով 49 տարով անհատույց փոխանցված տարածքներում սկսած 2006 թվականից մինչ օրս տեղի ունեցած գործունեության բոլոր տեսակների մասին, այդ թվում` կենդանիների օգտագործումն ըստ տեսակների և խմբաքանակների, կենդանիների վերարտադրությունն ըստ տեսակների ու խմբաքանակների, տարածքի օգտագործման ռեժիմի և այցելուների թվի և այլ մանրամասների մասին: Միևնույն ժամանակ, մեզ տրամադրել հիշյալ կազմակերպության ֆինանսական և թեմատիկ հաշվետվությունների պատճենները:
7. 2006 թվականից մինչ օրս ի՞նչ գնահատականներ է տվելՀՀ բնապահպանության նախարարությունը “Կենդանիների աշխարհ” ՍՊԸ-ին շնորհված գործառույթների իրականացման հարցում և ինչպե՞ս են ազդել այդ գործառույթները “Խոսրովի արգելոց” ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունավետության վրա` հաշվի առնելով այն, որ մինչև 2006 թվականը “Կենդանիների աշխարհ” ՍՊԸ-ին անհատույց հանձնված տարածքը գտնվում էր Խոսրովի արգելոցի սահմաններում և ուներ հատուկ պահպանման ռեժիմ:
Վերոնշյալ հարցերի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը կարող եք տրամադրել նյութական կրիչով, էլեկտրոնային տեսքով մեր ելեկտրոնային հասցեին կամ գրավոր փոստի միջոցով:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ վերոնշյալ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և փաստաթղթեր:
“Թռչկան”քաղաքացիական նախաձեռնություն
“Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնություն