Երեկ Թուրքիան հրապարակել է Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին մասնակցելիք հյուրերի ցուցակը: Այսպիսով, ապրիլի 24-25-ին Թուրքիայում կլինեն 21 երկրի առաջնորդներ, որոնցից 14-ը` նախագահի մակարդակով:
Էրդողանի կողքին կլինեն Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրաքի, Պակիստանի, Քաթարի, Ջիբութիի, Չադի, Հարավային Սուդանի, Մալիի, Նիգերիայի, Սենեգալի, Սոմալիի եւ Սլովենիայի նախագահները: Այս ցուցակում են նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի եւ Սիրիայի ազգային կոալիցիայի նախագահները:
Ինչ խոսք, իսլամական աշխարհի առաջնորդության ձգտող Էրդողանին միանգամայն արժանի շրջապատ է, որը, այդուհանդերձ, բավականին տեսանելի կերպով ցույց է տալիս Թուրքիայի քաղաքական ազդեցության տիրույթներն ու ուղղվածությունը: Եվ նկատենք, որ դա նման հավակնություններ ունեցող երկրի համար բավականին համեստ է:
Իսլամական այս «եղբայրությունից» դուրս ուշագրավ է Սլովենիայի մասնակցությունը նախագահական մակարդակով, ինչպես նաեւ, վարչապետական մակարդակով Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի եւ Ռումինիայի մասնակցությունը:
Նախարարի մակարդակով Գալիպոլիի միջոցառումներին ներկա կլինեն ` Բահրեյնը, Ֆրանսիան (պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիան), Գաբոնը, Գանան, Գվինեան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Վրաստանը (պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձե), Խորվաթիան, Հնդկաստանը, Լիտվան, Լիբանանը, Կանադան, Մոնղոլիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Սինգապուրը, Տաջիկստանը, Թունիսը, Վիետնամը:
Խորհրդարանի նախագահների մակարդակով միջոցառումներին մասնակցելու են Ալժիրը, Ռուսաստանը (Սերգեյ Նարիշկին), փոխնախագահի մակարդակով՝ Աֆղանստանը, Գամբիան, Զամբիան: Իսկ դեսպանների մակարդակով Գալիպոլիում ներկայացված կլինեն ԱՄՆ-ը, Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Էստոնիան, Ճապոնիան, Ղազախստանը, Մալազիան, Մյանմարը, Սլովակիան, Սաուդյան Արաբիան եւ Օմանը:
Առավել ցավալին, սակայն, Գալիպոլիում Ուելսի արքայազն Չարլզի ներկայությունն է, որը, թեեւ, չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի իշխանություններին, այդուհանդերձ, հանդիսանալով թագավորական տան անդամ, որոշակի քաղաքական խորհրդանիշ է ներկայացնում:
Եվ չնայած դրան` կարող ենք ասել, որ ապրիլի 24-ին համաշխարհային ուշադրությունը Հայաստանում անցկացվող Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներից շեղելու Թուրքիայի նպատակը, մեծ հաշվով, ձախողվելու է, քանի որ նախ` Հայաստան այցելող պատվիրակություններն իրենց ներկայանալիությամբ ոչ պակաս հեղինակավոր են, իսկ դրանցից երկուսի` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությունն էլ բոլորովին այլ կշիռ ու նշանակություն է հաղորդելու Ծիծեռնակաբերդում անցկացվելիք միջոցառմանը:
Բացի այդ` ապրիլի 24-ին ողջ աշխարհով մեկ հայկական Սփյուռքի կողմից իրականացվող միջոցառումների արդյունքում հիշատակման աշխարհագրությունը լինելու է շատ ավելի ընդգրկուն`սկսած Գալիպոլիում վարչապետի մակարդակով ներկայացված Ավստրալիայից, ավարտած ընդամենը դեսպան ուղարկած Միացյալ Նահանգներով:
Եվ այնուամենայնիվ` ներկայացված ցուցակում կան երկրներ, որոնց առաջին դեմքերի մակարդակով մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին, թերեւս, ավելի շատ արդյունք է մեր դիվանագիտական կորպուսի թերացման, քան այդ երկրների` ոչ հայամետ քաղաքականության: Այդպիսիք են Սլովենիան, Իռլանդիան, Մոլդովան եւ, իհարկե, Մեծ Բրիտանիան, որի արքայազն Չարլզի հետ այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ունի անձնական մտերմիկ հարաբերություններ: Դրանք, սակայն, ցավոք, գործի են դրվում բացառապես անձնական բիզնես նկատակների համար:
Եղիա Նիկողոսյան
Լուսանկարը՝ Bravo.am-ի