ԱՀԱԲԵԿԻՉ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է հնչեցրել Վանաձորում կատարվող համատարած խուզարկությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2012թ. սեպտեմբերի 25-ին եւ 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել վանաձորցիների տներում: Բնակիչների մեծ մասը, խուսափելով հնարավոր հետապնդումներից, վախենում է բարձրաձայնել այդ փաստերի մասին: Քաղաքացիներից միայն Վանաձորի ավագանու անդամ Արմեն Այվազյանն է բարձրաձայնել փաստի մասին: Հայտարարության մեջ նշված է, որ հերթական անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, խորամուխ չլինելով խուզարկությունների վերաբերյալ միջնորդությունների հիմնավորվածությանը եւ հաստատելով դրանք, նպաստում է ոստիկանության կողմից քրգործին առնչություն չունեցող քաղաքացիների բնակարանները խուզարկելուն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, գլխավոր դատախազությունից պահանջում է քննության առարկա դարձնել այս հարցը:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ այդ խուզարկությունների առիթը եղել է ավագանու անդամներից Վահե անունով մեկի տանը հուլիսին կատարված գողությունը: Իսկ ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Անուբախ Համբարյանը խուզարկություններն արել է ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Այվազյանի, ինչպես նաեւ իր համար անցանկալի անձանց տներում՝ ցույց տալու համար, որ ցանկացած պահի ցանկացած մեկի տանը կարելի է խուզարկություններ անել: Մինչդեռ օրենքը նախատեսում է, որ նման միջոցառում կարելի է իրականացնել այն անձանց տներում, որոնք տվյալ գործով ունեն կասկածյալի, մեղադրյալի կարգավիճակ:

Է. Մ.




Լրահոս