Կենսաթոշակառուներին հասանելիք վճարումներից 240 միլիոն դրամ յուրացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խոշոր չափերի գումարի յուրացում, որը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ):
Եթե մի պահ ընդունենք, որ իսկապես Խաչիկյանն անմեղ «հրեշտակ» է եւ խոշոր գումարների յուրացման հետ կապ չունի, այդ դեպքում ո՞վ է յուրացրել այդ գումարը կամ որտե՞ղ է կորել 240 մլն-ն: «Ժողովուրդ» օրաթերթի այդ հարցադրումներին ի պատասխան՝ Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը պարզաբանեց, որ մեղադրյալի կողմից այդքան խոշոր գումար յուրացնելու փաստը հորինվածք է: «ՀՀ-ում նամանավանդ այդպիսի պաշտոն զբաղեցնող մարդկանց հեշտ է մեղադրելը, շատ հնարավոր է, որ որոշ անձինք սուտ ցուցմունք են տվել Խաչիկյանի դեմ կամ իրավապահ մարմինների միտումնավոր գործունեության հետեւանք է այդ գործը: Վստահ եմ, որ Խաչիկյանը կապացուցի իր անմեղությունը, մենք էլ հետը»,-ընդգծեց փաստաբանը, որի կանխատեսմամբ՝ քրգործի նախաքննության ընթացքը տեւելու է 4-5 ամիս:
Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է կենսաթոշակառուների վճարման գործընթացի հետ կապված 500-էջանոց հաշվետվություն, որտեղ էլ արձանագրվել է խոշոր գումարների չարաշահման փաստը:
Հիշեցնենք, որ Խաչիկյանի գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, եւ փաստաբան Արմեն Սողոմոնյանի քննադատությունը ուղղված է հենց ոստիկանությանը: Ինչո՞ւ եք «անմեղ Խաչիկյանին միտումնավոր հանցակից դարձնում»: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցը չպատասխանեց՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Իսկ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ իր հերթին չցանկացավ խոսել խնդրի մասին՝ պատճառաբանելով, որ նախաքննություն իրականացնողը ոչ թե դատախազությունն է, այլ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը:
Ստացվում է, որ Խաչիկյանը փաստաբանի շուրթերով մեղադրում է դատախազությանը եւ ՀՀ ոստիկանությանը, իսկ վերջիններս էլ իրենց հերթին մեղքը բարդում են միմյանց վրա:
240 ՄԻԼԻՈՆԸ ԳԵՏՆԻ ՏԱ՞Կ ԱՆՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ՓԱՇԻՆՅԱՆ