«Ժողովուրդ»-ն օրեր առաջ գրել էր, որ Հայաստանի նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում չէին ընդգրկվել մի խումբ նկարիչների գործեր: Նրանցից շատերը մի ամբողջ տարի աշխատել էին իրենց կտավների վրա, սակայն նրանց գործերը, իրենց իսկ ձեւակերպմամբ, արհամարհվել էին:
Նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ստեղծված հանձնաժողովն իրականում ոչինչ չի որոշում, եւ ամեն բան նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ձեռքում է: «Ես համոզված եմ, որ մշակույթի նախարարությունը, որոշ բարերարներ գնելու են որոշ կտավներ, ուստի Կարեն Աղամյանն ընտրել է այն նկարիչների կտավները, ովքեր գործարքի մեջ կմտնեն իր հետ»,-ասել էր նա:
Իսկ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նկարչի խոսքը կեղծիք է` հավելելով, որ նկարիչներից շատերի գործերը թեմային չեն առնչվել, ոմանց նկարների գեղարվեստական արժեքն էլ ցածր է եղել:
Այսօր, արդեն, մեր հոդվածին արձագանքելով` Խաչիկ Հարությունյանին միացել է նաեւ նկարիչների միության մեկ այլ անդամ` Արմինե Ավետիսյանը, ով հանդես է եկել կոնկրետ առաջարկությամբ. «Բարձրացված թեման իմ ցավոտ տեղերից է, ուստի չեմ կարող լռել: Ես եւ էլի մի շարք նկարիչներ մշակույթի նախարարությանն առաջարկում ենք, որ նկարիչների միության կողմից մերժված աշխատանքները առանձին ցուցադրվեն, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի սրահում:
Այդ դեպքում այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու նախ` նկարիչների միության ցուցահանդեսին, ապա` մերժվածներիս գործերին եւ կհամեմատի այդ աշխատանքները, կտեսնի` մերժվածերն ովքեր են, ցուցադրվողներն` ովքեր: Թող տեսնեն, թե ինչ տեսակ գործեր են մերժվել: Իմ առաջարկը հնչեցնում եմ մի շարք նկարիչների անունից»,-«Ժողովուրդ»-ին ասաց Ա. Ավետիսյանը:
Նրա խոսքով` դեռեւս իմպրեսիոնիստների ժամանակաշրջանում մերժված նկարիչները հնարավորություն ունեին զուգահեռաբար ցուցադրելու իրենց աշխատանքները, ուստի իրենց պահանջն արդար է եւ ըմբռնելի:
Աննա Բաբաջանյան