Արցախում կստեղծվի Հանրապետական կուսակցություն. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաձեռնողական խմբի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղում նոր՝ Արցախի հանրապետական կուսակցություն հիմնելու մասին.

Հարգելի քաղաքացիներ, Ազգային ազատագրական շարժման սկզբից առայսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցման արժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր  մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա:

Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի: Մեր ժողովուրդը ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինստիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ, որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թե շատ գործել:

ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար: Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտրությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ: Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանել միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծմանը:

Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբս, հայտարարում ենք  Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության /Արցախի հանրապետական կուսակցության/  ստեղծման մասին:

Նախաձեռնողական խմբի համանախագահողներ.

Կարեն Օհանջանյան` փիլիսոփայության գիտությունների դոկտոր, ԼՂՀ  «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ

Արևիկ Պետրոսյան` պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա» ՀԿ նախագահ,

Արարատ Պետրոսյան` «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ,

Հայրապետյան Արթուր` «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ:




Լրահոս