ՄՈՐԸ ԴԱՐՁՐԵԼ Է «ԲՈՄԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակիչ 46-ամյա Վահե Ալոյանը մի օր որոշել է քարի հանք գնել եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Բայց քանի որ հանքը թանկ է եղել, Վահեն էլ` անփող, նրա գլխում մի «տնաքանդ» միտք է ծագել` վաճառել  Երեւանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում գտնվող, սեփականության իրավունքով մորը պատկանող, բայց իր տիրապետության տակ գտնվող տունը:
Եւ Վահե Ալոյանը 2008թ., իր ծանոթ Կարեն Բաբաջանյանի հետ համաձայնության գալով, վերջինիս միջոցով քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձից եւ անհայտ հանգամանքներում ձեռք է բերել մոր կողմից իրեն ուղղված բովանդակությամբ կեղծ լիազորագիր, որի վավերացված պատճենը 2008թ. հուլիսի 3-ին ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային գրասենյակ: Դրանից չորս օր անց Վահեն կադաստրից ստացել է մոր տան եւ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը եւ կեղծ լիազորագիրն օգտագործելով՝ Վանաձորի նոտարական գրասենյակում Կ. Բաբաջանյանի կնոջ` Մարգարիտայի հետ մոր անունից կնքել է հիշյալ տան ու հողամասի 25 մլն  դրամի առքուվաճառքի ձեւական պայմանագիր, որի հիման վրա 2008թ. հուլիսի 25-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային գրասենյակում Ջ. Ալոյանի տունը եւ հողամասը՝ որպես սեփականություն, գրանցվել է Մարգարիտայի անունով:
Ուշագրավ է, որ միայն Վ. Ալոյանին է մեղադրանք առաջադրվել. ըստ այդմ, նա խաբեությամբ հափշտակել Է մոր՝ առանձնապես խոշոր չափերի գույքը` տունը, իսկ այդ տանը ապրող նրա հարազատները մնացել են դրսում եւ գործով ներգրավվել որպես տուժող:
Քրեական գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս