Իջեվանում սիբիրախտի կասկածելի դեպքեր չեն հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իջևանում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, բնակիչների մոտ սիբիրախտի կասկածելի դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն էր ստացել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում` Իջևան քաղաքին հարակից բնակավայրում, մեկ կենդանու մոտ արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք: Հիմք ընդունելով վերը նշվածը, ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կազմակերպվել և իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ, որի արդյունքում բնակչության շրջանում սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր ներկայում չեն հայտնաբերվել:
Սննդի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչությունից հայտնել են, որ կենդանին պատրվաստված չի եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին սիբիրախտի դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի Վարդենիքի տարածաշրջանում: Հոսպիտալացված կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներով մեկի մոտ սիբիրախտ հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:




Լրահոս