“Ժողովուրդ” օրաթերթը երբեք չի անտեսում իր ընթերցողների խնդրանքները: Այս անգամ մեր խմբագրություն էր դիմել ընթերցող Աստղիկ Զաքարյանը եւ խնդրել պարզել՝ արդյոք իրական են այն խոսակցությունները, որ օրերս մեկնարկած “Հայաստանի ձայն” նախագիծը հերթական շոուն է, ու մասնակիցներն արդեն նախօրոք գիտեն, թե իրենց մարզիչն ով է լինելու: Հարցը վերաբերվում էր մասնավորապես երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻՆ, քանի որ, ընթերցողի պնդմամբ ու հավաստի տեղեկություններով, երգչուհին նախօրոք ընտրել է իր թիմի մասնակիցներին: Հարցը պարզաբանելու համար դիմեցինք Սոֆիին:
-Դուք ո՞նց եք պատկերացնում՝ դա լո՞ւրջ է: Դուք էլ եք տեսնում, որ դրանք կույր լսումներ են: Գուցե շատերը ծանոթ չեն նախագծին, դրա համար էլ նմանատիպ խոսակցություններ են սկսվել: Նախապես չենք էլ կարող ընտրել, քանի որ որեւիցե մասնակցի մենք չենք իմացել: Նախագծի ամբողջ իմաստը հենց դրա մեջ է, որ մարզիչները չեն տեսնում մասնակիցներին: Մենք մեջքով նստած ենք, սիրեցինք՝ պտտվում ենք:
–Մեր ընթերցողներից մեկի պնդմամբ՝ ինքը մասնակիցներից մեկի մտերիմն է, եւ իր ունեցած տեղեկություններով՝ Դուք նախապես ընտրել եք 12 հոգու:
-Յուրաքանչյուր մարզիչ, ըստ նախագծի կանոնների, լսումների ընթացքում հնարավորություն ունի իր թիմ հավաքել 12 հոգու: Ձեզ ավելին ասեմ, 12-ը դարձավ 14, որովհետեւ հասկացանք, որ կան մասնակիցներ, որոնց մենք բաց ենք թողել, պետք է նրանց հնարավորություն տալ, եւ “ուայլդ քարտի” սկզբունքով հետ վերադարձրինք եւս 8 հոգու, ու ամեն մարզիչ ընտրեց եւս երկու մասնակից, հիմա յուրաքանչյուրիս թիմում 14 հոգի է: 125 հոգուց մենք ամեն օր լսել ենք 5 հոգու եւ կազմել մեր թիմերը: Սա միջազգային ֆորմատ է` մշակված Հոլանդիայի կողմից, ու հայկական ծանոթ-խնամի սկզբունքը չի աշխատում: Մարզիչներս էլ ընտրվել ենք Հոլանդիայի կողմից:
-Մասնակիցների մեծ մասն օտար լեզվով է երգում, դա՞ էլ է մտնում նախագծի կանոնների մեջ:
-Ֆորմատի համաձայն` յուրաքանչյուր մասնակից ինքն է ընտրում՝ ինչ լեզվով երգ կատարի: Որեւիցե մեկը չի կարող որոշել մասնակցի փոխարեն: Այս նախագիծն արդեն իրականացվել է 45 երկրներում եւ ունի իր հստակ կանոնները, մենք իրավունք չունենք մեր կողմից նոր բաներ ավելացնել:
–Գիտեմ նաեւ, որ կանոնների համաձայն՝ մարզիչներից մեկը պետք է մինչեւ 30 տարեկան լինի, եւ այդ տարիքային խմբում Դուք եք ընտրվել, բայց լրագրողներից մեկն իր հաղորդման ընթացքում նշեց, որ այլ երկրներում նախագծի կանոնները թույլ են տալիս ամենաերիտասարդ մասնակցին ընտրել մինչեւ 35 տարեկան կատարողների միջից:
-Լրագրողին ավելի հետաքրքրում էր, թե ինչու եմ հենց ես ընտրվել: Մամլո ասուլիսի ժամանակ շատ կոնկրետ տրվեց այդ հարցի պատասխանը: Ուղղակի հենց էնպես ոչ մի բան չի արվել: Նախագծի կողմից Հայաստանին ներկայացված կանոններն էդպես էին, որ մարզիչներից մեկը պետք է լինի մինչեւ 30 տարեկան, մյուսները՝ 30-40, մեկն էլ՝ 40-ից վեր: Չեմ հասկանում՝ ինչու են բացասական վերաբերմունք ցուցաբերում:
-Իսկ ի՞նչ սկզբունքով են Հայաստանից երիտասարդ մարզիչ ընտրել հենց Ձեզ:
-Ես գիտեմ, որ իմ մասնակցության հարցը քննարկվել է, իմ գործունեության մասին հատուկ CV է հավաքվել, մոնիթորինգ են անցկացրել: Գիտեմ նաեւ, որ ինձանից բացի, էլի մի քանի երիտասարդ կատարողներ են եղել, որոնք ներկայացվել են, անուններ չգիտեմ:
Ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը նախագծի ֆորմատին ծանոթ չէ: Ակնհայտ երեւում է, որ մենք կողմնապահություն չենք անում, ով լավ է երգում՝ շրջվում ենք: Զարմանում եմ, որ մարդիկ քննարկում են, փոխանակ ուրախանան, որ մենք լուրջ միջազգային ֆորմատի նախագիծ ենք անում: Չգիտեմ անգամ՝ ճիշտ է հիմա ասել, բայց նկարահանման հենց առաջին օրը Հոլանդիայից եկած ներկայացուցիչը` Մորիսը, մեզ հետ մի ժամ խոսել է, բացատրել՝ ինչ ու ոնց պետք է լինի: Ինքը մինչեւ վերջ հետեւել է կույր լսումների ընթացքին:
-Հիմա Դուք շատ լուրջ, պատասխանատու դերում եք հանդես գալու, պետք է 14 հոգու սովորեցնեք ճիշտ երգել, բեմում հանդես գալ, ինքներդ պատրա՞ստ եք, ունե՞ք մշակված որոշակի ծրագիր:
-Անկեղծ ասեմ, արդեն ունեցել եմ իմ առաջին հանդիպումն իմ թիմի էրեխեքի հետ ու շատ ուրախ եմ, որ հասուն երիտասարդներ են: Յուրաքանչյուր մարզիչ կփաստի, որ մեր դերը նրանց դաստիարակելու մեջ չէ, այլ փորձով, գաղտնիքներով կիսվելու: Էնպես չէ, որ ես դասատու եմ լինելու, ես նրանց օգնելու եմ հասկանալ, բացատրել՝ բեմն ինչ է: Ինձնից բացի, երկրորդ փուլի համար մենք ունենք վոկալի դասատուներ, մարդիկ, որ բեմական կեցվածք են սովորեցնելու մասնակիցներին:
-Քանի՞ ամիս կտեւի այս նախագիծը:
-Եթե չեմ սխալվում` մինչեւ մարտ: Հիմա առաջին փուլն եք տեսնում, դրանք կույր լսումներ են, հետո լինելու է երկրորդ փուլը` մենամարտը, որտեղ խմբի մասնակիցներն իրար հետ դուետ են կազմելու, ու մեկը հեռանալու է, իսկ երրորդ փուլը լինելու է համերգի պես, ու ընթացքում արդեն 50/50 հարաբերությամբ` ժյուրի ու հեռուստադիտող, քվեարկելու են ու ընտրեն: Վերջում կմնան 4 մասնակից, որոնցից մեկը կհաղթի:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ