ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՃԸ ԱՎԱՐՏՎԵՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 2 դպրոցում 11-րդ եւ 12-րդ դասարանի երկու աշակերտ միջանցքում վիճաբանել են, որի ընթացքում 12-րդ դասարանցին դանակահարել է «հակառակորդին»: Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը եւ փոխանցեցին, որ կատարվում է քննություն:
Փորձեցինք պարզել, թե ինչն է ստիպել դեռահասներին դանակահարել միմյանց: «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, որը սիրահոժար ասաց, որ ինքն անձամբ տեղյակ է միջադեպից եւ հավաստիացրեց, թե խնդրի հարթմանն ուղղված քայլեր արվում են: «Դե երեխաների դաստիարակության համար ամեն ինչ արվում է, որ մեկը հանցագործ չմեծանա, մյուսն էլ չվնասվի»,-ասաց մարզպետը` հավելելով, թե տղաներ են, միգուցե չեն հասկացել միմյանց, եւ արդյունքում նման միջադեպ է գրանցվել:
Ակսել Բակունցի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Թելման Աբրահամյանն էլ փոխանցեց, որ միջադեպի օրը դպրոցում չի եղել` գործերով գնացել է Երեւան: Բայց իր աշխատակիցներից պարզել է, որ վիճաբանության կողմ դարձած երեխաները Գորիսի բնակիչներ են, որոնք առանձնահատուկ վարքով աչքի չեն ընկել: «Դասամիջոցին տղաներից մեկը միջանցքում բարձր է խոսել, մյուսն էլ ասել է, որ կամաց խոսի, ու այդպես վիճել են: Թանգյան Ալենի ու Հարությունյան Հարութի մեջ է տեղի ունեցել դեպքը, իսկ Հայրապետյան Նարեկը պարզապես խառնվել է այդ վեճին, ուրիշ մեծ բան չի եղել, ու նրանք շատ լավ երեխաներ են»,-ներկայացրեց Թելման Աբրահամյանը:
Տնօրենի խոսքով, երբ ինքը մայրաքաղաքում է եղել, դպրոցի կազմակերպչական բաժինը հավաքել է դպրոցականներին եւ զրուցել նրանց հետ, իսկ թե ինչ են զրուցել, տնօրենը չգիտեր:
Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքից հետո ոստիկանությունը բնութագիր է պահանջել: «Դե ես երեխաներին հարցրի՝ ինչ է եղել, ասեցին, թե կռվել ենք: Ես էլ ասացի, որ մի կռվի համար բնութագի՞ր տամ ու այդպես էլ չտվեցի: Ավելին, դպրոցականներին ասացի՝ ոնց կռվել եք, այդպես էլ կգնաք ու պատասխան կտաք»,-նշեց տնօրենը: Երբ նրանից փորձեցինք պարզել, թե նշված տղաներից կոնկրետ ում մոտ է եղել դանակը, տնօրենի տրամադրությունն անհասկանալի կերպով բարձրացավ. «Ի՞նչ դանակ (ծիծաղում է-Ք. Մ.), դե մի սուր գործիք է եղել, ու դրանով ծունկը մի քիչ քերծել է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս