Հունիսի 25-ին Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջինիս արծաթե Աստվածաշունչ էր նվիրել: Այս մասին հայտնի դարձավ միայն այսօր: Շուշանյանն ինքը հայտարարեց, որ ոստիկանապետն իրեն Աստվածաշունչ է նվիրել: Այս փաստը շատերի կողմից քննադատության ենթարկվեց: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Վաղինակ Շուշանյանի հետ: «Ինչքան ուզում են թող քննադատեն»,- նման կերպ արձագանքեց Շուշանյանը մեր հարցին` ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին:
Նրա խոսքով` Աստվածաշունչը Վլադիմիր Գասպարյանի կողմից պարզապես նվեր է եղել, ինչը ընդունել է: «Իսկ ի՞նչ է, ոստիկանապետը մարդ չի՞: Նախ առաջինը Աստվածաշունչ էր, չէի կարող չընդունել: Երկրորդը` այդ օրը լիքը մարդ ինձ նվեր է տվել, դե թող ասեն` այս ինչ մարդուց նվեր ես վերցրել, ինչո՞ւ չեն ասում»,-հավելեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե սա շատերի մոտ ընկալվում է որպես ոստիկանության հետ համագործակցություն նշան, Շուշանյանն ասաց` ոչ մի համագործակցություն չկա ոստիկանության հետ: Իսկ հարցին՝ նորից Վլադիմիր Գասպարյանից նվերներ կընդունի, պատասխանեց. «Իհարկե ոչ»: