Մեր երկրի համար արտաքին հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով հատկապես աշխարհաքաղաքական այսօրվա դրությունը: ՀՀ ԱԳՆ գործունեությունը գտնվում է հասարակության մշտական ուշադրության կենտրոնում՝ հաճախ ենթարկվելով քննադատության: Ստորեւ փորձենք հասկանալ, թե բյուջետային միջոցներից արտաքին հարաբերությունների դասին հատկացված 10 մլրդ դրամն ինչպես է բաշխվել եւ որքանով է ծառայել իր նպատակին՝ միջազգային ասպարեզում օժանդակելու Հայաստան պետության դերի բարձրացմանը:
Այսպես, 2011թ. պետական բյուջեի ծախսային մասի հաշվետվությունը պարզաբանում է, որ արտաքին հարաբերություններին հատկացված վերոնշյալ 10 մլրդ դրամը կազմել է նախատեսվածի 99%-ը: Արտաքին հարաբերություններում պետական ծախսերը, սակայն, ըստ հաշվետվությունում ներկայացված տվյալների, նախորդ տարվա համեմատ ավելացել են 7,7%-ով (ավելի քան 710 մլն դրամ): Այս ավելացումը պայմանավորված է հիմնականում ԱԳՆ արտաբյուջետային միջոցներից ՀՀ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանման եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի ձեռքբերման համար միջոցների հատկացումներով, ինչպես նաեւ արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերի աճով:
Հաջորդիվ ներկայացնելով ՀՀ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանմանն ուղղված միջոցները՝ բյուջեի կատարողականում հստակեցվում է, որ այս ուղղությամբ բյուջեից հատկացվել է 5.9 մլրդ դրամ, իսկ արտաբյուջետային միջոցների հաշվին՝ 532.1 մլն դրամ: Ո՛չ բյուջեի հաշվետվության մեջ, ո՛չ էլ ՀՀ ԱԳՆ տարեկան կատարողականում որեւէ ձեւով հստակեցված չէ, թե ինչ արտաբյուջետային միջոցների մասին է խոսքը: Այս ծախսերի շրջանակներում է կատարվել նաեւ մի շարք դեսպանությունների շենքերի գնման գործընթացը. մասնավորապես Բրյուսելում ՀՀ դեսպանության շենքի գնումը, որի համար վերցված վարկի մարմանն ուղղվել է 32.4 մլն դրամ: Նաեւ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը, որը գնելու համար օգտագործվել է 89.5 մլն դրամ՝ արտաբյուջետային միջոցներից:
2011թ. արտաքին հարաբերությունների ուղղությամբ կատարված ծախսերի աճը պայմանավորված էր նաեւ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար կատարված հատկացումների ավելացմամբ: Մեր այն հույսերը, թե ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ կգտնեինք այս մասին որեւէ կոնկրետ մեկնաբանություն, իհարկե, չարդարացան: Երբ թերթում ենք ԱԳՆ տարեկան հաշվետվությունը, գործուղումների եւ մասնավորապես դրանց վրա ծախսված ֆինանսական միջոցների մասին որեւէ տեղեկատվության չենք հանդիպում: Այստեղ ընդհանուր բնույթի հիշատակություններ են այն մասին, թե նախարար Էդ. Նալբանդյանը ուր է գնացել, ինչ է արել եւ այսպես շարունակ: Այս հաշվետվությունն ուսումնասիրելիս այնպիսի տպավորություն է առաջանում, կարծես հին ուրարտական արձանագրություն ենք ընթերցում, որում հեղինակը գրում է. «Խալդ աստծո մեծությամբ Էդիկ Նալբանդյան՝ արտգործնախարար, 2011թ. հունվարի 4-ին այցելեցի Արգենտինա, հանդիպում անցկացրի Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ՝ Հայաստան երկրի հզորության եւ թշնամական երկրների սարսափեցման ու խաղաղեցման համար»: Ասվածում որեւէ չափազանցություն չկա: Հենց այս ոգով էլ կազմված է այս գերատեսչության տարեկան զեկույցը, որտեղ թվարկված են նախագահի ու նախարարի միջպետական այցերը, նաեւ զետեղված ինչ-ինչ համաժողովների անցկացման մասին մեկտողանի հայտարարություններ:
Ի դեպ, ԱԳՆ-ն իր կատարողականում հարկ է համարել նաեւ որպես առանձին հաջողություն ներկայացնել Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեորեն պատժելու մասին օրինագծի ընդունումը, որն իբր «կարեւոր քայլ հանդիսացավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում»:
Չխորանալով քաղաքական գնահատականների մեջ՝ անկարող ենք չարձանագրել այն անփույթ վերաբերմունքը, որը դրսեւորել է ԱԳՆ-ն իր հաշվետվությունը կազմելիս: Կատարողականում որեւէ մասնավորեցում չկա, իրականացված գործողությունների մասին մեկնաբանությունները եւ պարզաբանումները եւս բացակայում են: Հայտարարությունների կույտ հիշեցնող այդ զեկույցից ընթերցողը ոչ մի եզրակացություն չի կարող անել: Վերջապես, կարելի էր գոնե հստակեցնել, թե հանդիպումներն ինչ արդյունք են տվել, ինչպիսի նշանակություն են ունեցել եւ այլն: Փոխարենը հանդիպում ենք «հայրենասիրական» հռետորաբանությանը՝ ուղղված Ադրբեջանին ու Թուրքիային, եւ գովեստի խոսքերի՝ ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հասցեին: Թեեւ հաշվետվության հեղինակներին այս հարցում միանշանակորեն մեղադրելն էլ ճիշտ չէ, քանզի եթե որեւէ նշանակալի հաջողություն չի արձանագրվել այդ հանդիպումների եւ այցելությունների արդյունքում, ապա ի՞նչ կարող էին նրանք գրել:
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ