ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ ՄԵՂՔ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դեկտեմբերի 18-ի դատական նիստը դարձյալ նախատեսված ժամին չսկսվեց: Նիստին ներկա չէին ամբաստանյալների պաշտպանները, մեղադրողները, տուժողի իրավահաջորդը եւ վերջինիս ներկայացուցիչները: Երեւանից՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, Իջեւան էին տեղափոխվել կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալները, կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանը եւս ներկայացել էր դատին: Սակայն դատավոր Սամվել Մարդանյանը ստիպված մեկ ժամով նիստը հետաձգեց: Կեսօրին վերսկսված նիստին ներկայացան  գործով մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Դատական նիստերի քարտուղարը հայտարարեց` ամբաստանյալ 3 զինծառայողների պաշտպան Ալվարդ Մնացականյանը դատարանին հայտնել է, որ ճանապարհների վտանգավոր լինելու պատճառով ինքը չի կարող նիստին մասնակցել: Դատավորն ասաց, որ ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության հաղորդագրության` հանրապետության բոլոր ճանապարհները երթեւեկության համար բաց են: Ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը նշեց, որ նիստը կարող է կայանալ առանց իր պաշտպանի: Սակայն դատավորը հայտարարեց, որ ներկայում միջնորդությունների փուլ է, եւ առանց պաշտպանների նիստ չի կարող անցկացվել: Նա պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի, Արմինե Ղասաբողլյանի, Ազատ Շահբազյանի, Ալվարդ Մնացականյանի եւ Լեւոն Պողոսյանի բացակայությունը համարեց անհարգելի եւ ամբաստանյալներին ասաց, որ պաշտպանների անհարգելի բացակայությունների կրկնության դեպքում ամբաստանյալները կա՛մ պետք է դիմեն հանրային պաշտպանի գրասենյակ` փաստաբան տրամադրելու համար, կա՛մ իրենք գտնեն նոր փաստաբաններ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին: Նշենք, որ նախորդ` դեկտեմբերի 11-ի դատական նիստն էլ չէր կայացել, դատարանում հայտարարվել էր, թե պաշտպաններ Հրանտ Գեւորգյանին եւ Լեւոն Պողոսյանին տեղափոխող մեքենան Բյուրեղավանի մոտ վթարի է ենթարկվել: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ իր համար նիստեր հետաձգելը խնդիր չէ, սակայն դրա հետեւանքով տուժում են ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալները: Նկատենք, որ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը վերածվել է դատական մարաթոնի. դատը սկսվել է 2011 թվականի սեպտեմբերի 5-ին Բերդ քաղաքում, հետո տեղափոխվել Երեւան, ապա` Իջեւան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս