Ինչպես հայտնի է՝ հուլիսի 17-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նոր նախաձեռնության հանրահավաքը: Նախաձեռնող խմբի անդամներն Ազատության հրապարակում թռուցիկներ էին բաժանել, որոնցով կոչ էին անում մարդկանց միանալ հուլիսի 27-31-ը Երեւանի գլխավոր փողոցները փակելու ակցիաներին:
«Ժողովուրդ»-ը փորձեց նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանից պարզել, թե առաջիկա երկուշաբթի իրենք որ փողոցներն են նախատեսում փակել: «Այս պահի դրությամբ չենք ասելու մանրամասները, ոչ թե նրա համար, որ գաղտնի ենք պահում, այլ նրա համար, որ քննարկումներ են գնում տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ, դրա համար չենք ցանկանում ասել, թե կոնկրետ ինչ ենք անելու: Երբ որ քննարկումները կվերջանան, շաբաթվա վերջ արդեն կկարողանանք հստակ ասել, թե ինչ ենք անելու»,- պատասխանեց Սանասարյանը: