Ընդդիմության շրջանում խորքային փոփոխություններ են տեղի ունենում. տեսանելի կդառնան խորհրդարական ընտրությունների ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կամ ավելի կոնկրետ՝ ընդդիմության շրջանում լուրջ խորքային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առավել տեսանելի կդառնան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Թվում է, թե դեռ 2 տարի կա, եւ այսօր վաղ է ապագա ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք քաղաքական դաշտի մասին խոսել:

Սակայն իրականում այսօր ընթացող գործընթացները դեռեւս երեք տարի առաջ են ծիլեր տվել, եւ գնալով դրանց վերջնարդյունքն ավելի տեսանելի է դառնում: Իսկ վերջնարդյունքը լինելու է այն, որ ներկայիս ընդդիմադիրների մեծ մասն, ի վերջո, հայտնվելու են լուսանցքից դուրս. նրանց տեղը զբաղեցնելու են նորերը:

Անշուշտ, ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ վերջնարդյունքում ձգտում է իշխանության: Այսինքն՝ նոր ընդդիմությունը եւս ձգտելու է իշխանության: Ուստի, եթե նոր ընդդիմադիրները չեն ցանկանում իրենց քաղաքական կարիերան, հավերժ ընդդիմադիր լինելով, ամփոփել կամ էլ պաշտոն ստանալ իշխանությանը ծախվելու ճանապարհով, ապա այսօրվանից արդեն իրենց համար պետք է բացառեն նախորդ եւ պատմություն դառնալու ճանապարհին գտնվող ներկա ընդդիմության սխալները:

Իշխանության համար պայքարի զուտ տեխնիկական սխալներից բացի՝ կա նաեւ մեկ շատ կարեւոր հանգամանք, որի մասին ընդդիմադիրները չեն սիրում հրապարակային խոսել: Մասնավորապես խոսքն այն մասին է, որ նոր ընդդիմությունը պետք է կարողանա ապրել այն սկզբունքներով, որը ինքը քարոզում է:

Այսինքն՝ եթե տվյալ քաղաքական ուժը կամ գործիչը ընտրողին խոստանում է օրենքի առաջ հավասարություն, անկախ դատական համակարգ, խոսքի ազատություն եւ այլն, ապա ինքը պետք է այդ նույն սկզբունքներով ապրի:

Հայաստանի նախկին եւ ներկա ընդդիմության ամենամեծ խնդիրը եղել է այն, որ ընդդիմադիրներն իրական կյանքում կապ չեն ունեցել իրենց իսկ քարոզած սկզբունքների եւ հայացքների հետ: Ասվածն առավել հասկանալի դարձնելու համար ներկայացնենք վերջին 20 տարիների ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների օրինակները:

Այսպես՝ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության առաջնորդը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր: Փաստորեն, նախագահական ընտրություններից ընդամենը մեկ տարի չանցած հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանի նախընտրական քարոզարշավը հիմնականում ֆինանսավորվել էր քրեական աշխարհի հետ սերտորեն կապված անձանց կողմից, մասնավորապես, հիմնական ֆինանսավորողներից մեկը եղել էր այն ժամանակ դեռեւս գործարար Ռուբեն Հայրապետյանը (ով այսօր մարդ է ծեծում իր սենյակում):

Այլ կերպ ասած՝ Վազգեն Մանուկյանը չէր խորշել այն մտքից, որ իր քարոզարշավի կազմակերպման համար ծախսվեին այն ժամանակվա իշխանություններից «նեղացած» քրեական աշխարհի ներկայացուցիչների փողերը: Եթե Վազգեն Մանուկյանին հաջողվեր իշխանության գալ, ապա նա պարտավոր էր լինելու վարձահատույց լինել Ռուբեն Հայրապետյանին, իսկ թե ինչպես դա կիրականացվեր, դժվար չէ կռահել, մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանությունները վարձահատույց լինում իրենց համար ծառայած քրեական տարերին: 1998-ի փետրվարյան հեղաշրջումից հետո ԱԺՄ-ի մի շարք ներկայացուցիչներ բարձր պաշտոններ ստացան, եւ ինչպես պարզվեց՝ այդ անձանց պաշտոնավարությունն առավել կոռումպացված ստացվեց, քան նրանց կողմից քննադատված նախորդ իշխանություններինը:

ՀՅԴ-ն, որը ՀՀՇ-ի հասցեին ծանրագույն մեղադրանքներ էր հնչեցնում, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսեց պաշտոն ստանալ եւ պարզվեց, որ այս սոցիալիստներն ավելի կապիտալիստ են, քան նախորդ ազատականները:

Ընդհանրապես, վերջին մեկուկես տասնամյակում ՀՅԴ պարբերաբար մեկ իշխանություն է եղել, մեկ ընդդիմություն: Այս կուսակցության կողմից նշանակված նախարարներից միայն մեկի դեպքում չի կարելի ասել, որ պաշտոնավարման ընթացքում միլիոնատեր է դարձել: Իհարկե, այդ մեկի անունը չենք նշում` կուսակից ընկերների կողմից նրան չթիրախավորելու համար: Այսինքն՝ ամեն անգամ, երբ ՀՅԴ-ն իշխանություն է ունեցել, նա իրեն դրսեւորել է նույն ՀՀԿ-ի կամ իր կողմից ժամանակին քննադատված ՀՀՇ-ական պաշտոնյաների պես:

2002-2007 թվականների ընդդիմության ներկապնակն այսպիսին է եղել. ԱԺՄ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ազգային միաբանություն», ՀԺԿ, «Հանրապետություն»: Իսկ թե ինչ եղավ այս կուսակցությունների հետ, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնելու: ՕԵԿ-ն այն աստիճան վարկաբեկվեց, որ այժմ կուսակցության անունը փոխելու խնդիր է դրված: «Ազգային միաբանությունից» մնացել է միայն Արտաշես Գեղամյանը, այն էլ դարձել է ՀՀԿ-ի սազանդարը:

ԱԺՄ-ի դեպքում էլ ընդամենը պատմությունից հուշ մնացած անուներ են: Մի խոսքով, բերված ընդդիմադիր կուսակցությունների գերակշռող մեծամասնությունը ժամանակի ընթացքում իշխանությունների հետ գործարքի գնաց: Արդյունքում նախկին ընդդիմադիրները, որոնք պաշտոններ ստացան, ավելի կոռումպացված գործունեություն դրսեւորեցին, քան ժամանակին նրանց իսկ կողմից քննադատված պաշտոնյաները:

Ի դեպ, շատերին թվում է, թե ընտրող քաղաքացին տեղեկացված չլինելով՝ շատ հեշտությամբ է խաբվում: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տվել, որ մարդիկ տեղեկացված չլինելով հանդերձ՝ իրենց կենսափորձի հաշվին շատ լավ զգացել են կեղծիքը: Եվ, երբ եկել է պահը, որ պետք է ինքնազոհողությունների գնան` իշխող կեղծավորներին եւ թալանչիներին նորերով փոխարինելու համար, քաղաքացիների մի ստվար զանգվածը ետ է քաշվել ճիշտ ժամանակին: Ի վերջո, ինչ տարբերություն Սերժը կամ Ռոբերտն է իր թիմով թալանում, թե մեկ ուրիշը:

Այնպես որ, նոր ընդդիմությունը հաջողության հասնելու համար պարտադրված է լինելու իր կուսակցականների անձնական օրինակով ՀՀ քաղաքացուն համոզել, որ առկա թալանին եւ անօրենությանն իր կողմից դեմ արտահայտվելը ձեւական բնույթ չի կրում, եւ որ իր իշխանության գալու դեպքում Հայաստանն իսկապես վերափոխվելու է:

Այս խնդիրը, թերեւս, ամենադժվար լուծելիներից է, քանի որ երկու տասնամյակ շարունակ փաստացի պարբերաբար խաբված ՀՀ քաղաքացուն համոզելու համար նոր ընդդիմադիրները ստիպված են լինելու անսահման ջանք ու եռանդ ներդնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս