Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ արդեն իսկ առաջադրվել են Իջեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից առաջադրված ՀՀԿ-ական Վարդան Ղալումյանը, ինքնառաջադրված, Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը եւ «ՆիկԱրմ ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, նախօրեին դուրս է եկել ընտրապայքարից: Նա օգոստոսի 15-ին դիմել է թիվ 41 ԸԸՀ, որպեսզի իր թեկնածությունը չգրանցեն: Ա. Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել իր ցանկությամբ, անցած 4 տարում Իջեւանում շատ գործեր են արվել, սակայն խնդիրներ կան լուծելու, եւ ինքը մտադիր էր քաղաքապետ ընտրվելով՝ դրանք լուծել:
Սակայն Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջադրվելուց հետո իրավիճակը փոխվեց, եւ քանի որ իր եւ Վարդան Ղալումյանի ընտրազանգվածը նույնն է, իր առաջադրումը «ջուր կլցներ Վարուժան Ներսիսյանի ջրաղացին»: Ա. Խաչատրյանը հայտնեց, որ իր մուծած 500 հազար դրամ ընտրական գրավը վերադարձվելու է: Նա ասաց, որ սեպտեմբերի 13-ի ընտրություններում ինքը սատարելու է Վարդան Ղալումյանին: Ակնհայտ է, որ Ա. Խաչատրյանը թեկնածու էր առաջադրվել, որպեսզի Վարդան Ղալումյանը չմնար առանց մրցակցի եւ համայնքի ղեկավարի ընտրությունները կայացած համարվեին: Սակայն Վ. Ներսիսյանի առաջադրվելուց հետո թեկնածուներից 3-րդը դարձավ ավելորդ:
Վ. Ներսիսյանը հայտարարել է, որ ինքը գնալու է մինչեւ վերջ, չի պատրաստվում իր թեկնածությունը հանել, եթե նույնիսկ ստիպված լինի կորցնել իր պաշտոնը: Տեղեկացնենք, որ Վարդան Ղալումյանը, ով 2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւանի քաղաքապետ դարձավ ԲՀԿ-ի շատ գործուն աջակցությամբ, այս տարվա փետրվարին՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո, դուրս է եկել ԲՀԿ-ից: Նա հունիսի կեսին դիմել եւ անդամագրվել է ՀՀԿ-ին: Նշենք, որ նախկինում՝ ԲՀԿ-ին անդամագրվելուց առաջ, Վարդան Ղալումյանը եղել է ՀՀԿ անդամ:
Ուշագրավ է, որ 2011թ. նոյեմբերի 13-ին՝ համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ի թեկնածուն Վարուժան Ներսիսյանն էր: Վարդան Ղալումյանը հայտարարել է, թե եթե Վ. Ներսիսյանը չհանի իր թեկնածությունը, սեպտեմբերի 13-ին խայտառակ պարտություն է կրելու, անգամ 1000 ձայն չի ստանալու: Սակայն հիշենք, որ 2011թ. նոյեմբերին իր մրցակցի՝ Վարդան Ղալումյանի ընտրվելու հնարավորության մասին նույնքան թերահավատ էր Վարուժան Ներսիսյանը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ