«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` սպանության մեջ կասկածվող, «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը ամիսներ առաջ ընկերոջ կողմից ընկերուհու սպանության մասին սցենար է կազմել եւ կիսվել մտերիմների հետ: Փաստորեն, շատ չանցած՝ իրականացրեց սցենարը…
«Ժողովուրդ»-ը փորձեց «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի մտերիմներից պարզել, թե ով կամ ինչի համար կարող էր սպառնալ Մուշեղին, ու, առհասարակ, միգուցե տեղի ունեցածը կա՞պ ունի «6-րդ զգայարան» հաղորդման փորձագետ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության եւ նրա կալանավորման հետ: Սակայն վերջինիս մտերիմները չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ՝ մեզ հարցեր մի՛ տվեք, ոչնչից տեղյակ չենք պատճառաբանությամբ:
«Ժողովուրդ»-ին էքստրասենսի սպանությունից եւ մինչ այդ Մուշեղի գործողություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ Մուշեղ Մխիթարյանը որեւէ բան չի պատմել իրավապահներին եւ անգամ մինչ օրս ցուցմունք չի տվել: Իսկ, ահա, Մուշեղի մտերիմներից մեկը իրավապահներին զարմանալի ցուցմունք է տվել: Ըստ այդ ցուցմունքի՝ Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ կողմից ընկերուհին սպանվում: Վերջինս իր մտերիմներին հայտնել է, որ սպանողը ինքն է լինելու, իսկ իր մտերիմները կլինեն իրավապահները, որոնք պետք է բացահայտեն սպանությունը: Ըստ էության, Մուշեղի մտերիմը, լավ տեղյակ լինելով նրա նոր սցենարի մասին, իրավապահներին նկարագրել է, թե ըստ Մուշեղի սցենարի՝ ինչպես պետք է տեղի ունենար սպանությունը, եւ ինչպես ինքը պետք է պաշտպանվեր:
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ էքստրասենսի սպանությունը, Մուշեղը իր հարեւաններին հայտնել է, թե իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, եւ իրեն սպառնացել են: Իսկ թե ով կամ ովքեր են եղել իրեն սպառնացողները, Մուշեղը չի պատմել՝ բավարարվելով միայն հայտարարությամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: