ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ` ՀԱՆՈՒՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրություններից հետո իշխանական վերնախավում յուրօրինակ մրցակցություն է սկսվել: Բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց հետ համեմատվում են ընտրություններում գրանցած ցուցանիշներով, թե ում ընտրատեղամասում է Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն ստացել, ում մոտ` պարտվել, եւ ըստ այդմ ով է արժանի մնալու իր պաշտոնում: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ընտրությունների արդյունքները, եւ բավական ուշագրավ պատկեր ստացվեց:
Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչու ենք այս ուսումնասիրությունը կատարել, ի սկզբանե բացատրենք. նպատակ կար պարզելու, թե հարազատ ծննդավայրում կամ թաղամասում հայրենի պաշտոնյաներից ով ինչքան հարգանք ու «խաթր» ունի:
Սերժ Սարգսյանի ծննդավայրը համարվում է Սյունիքի մարզի Տեղ գյուղը: Այստեղ ընտրացուցակում գրանցված է 891 հոգի, քվեարկությանը մասնակցել է 831-ը, որից 812-ը քվեարկել են հենց Ս. Սարգսյանի օգտին, 7-ը` Րաֆֆի Հովհաննիսյանի: Մնացած 5 թեկնածուներն այնտեղ ստացել են ընդամենը 0 ձայն: Մինչ շատերը կփորձեն այս հանգամանքը մեկնաբանել, որ Ս. Սարգսյանն այսպես թե այնպես պետք է իր ծննդավայրում հաղթեր, նշենք, որ Տեղը հեռավոր գյուղերից է, որտեղ վերահսկողությունը թույլ է, եւ նման իրավիճակում բնական է, որ իշխանական թեկնածուն պետք է հաղթեր: Ընդ որում նման փաստը չէր վրիպել նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների աչքից, որոնք իրենց նախնական եզրակացության մեջ ուշադրություն են դարձրել այդ հանգամանքին: Սերժ Սարգսյանը, որ բնակվում է Ձորափի 72 հասցեում` կառավարական ամառանոցներում, քվեարկությանը մասնակցել է 9/11 ընտրատեղամասում: Այստեղ էլ նա ստացել է 375 ձայն, Ր. Հովհաննիսյանը` 277:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղը Մխչյանն է, որտեղ տեղակայված 17/38 ընտրատեղամասում, ըստ պաշտոնական տվյալների, Ս. Սարգսյանը ջախջախիչ հաղթանակ է գրանցել` ստանալով 1528 ձայն, իսկ մյուս թեկնածուի` Ր. Հովհաննիսյանի օգտին ընդամենը 28 հոգի է քվեարկել: Նշենք, որ Մխչյանի այս ընտրատեղամասում կա 1882 ընտրող, որոնցից մասնակցել էր 1565-ը: Մխչյանի մյուս տեղամասը 17/39-ն է, որտեղ 1806 հոգուց մասնակցել է 1452 հոգի: Բնականաբար, այստեղ եւս Ս. Սարգսյանը հաղթել է` ստանալով 1371 ձայն, իսկ Հովհաննիսյանը` 51: Հասկանալի է` ԱԺ նախագահն այդ օրը իր ողջ ուժերը կենտրոնացրել էր հայրենի Մխչյանում ու Արտաշատում` ապահովելով ոչ միայն բարձր մասնակցություն, այլեւ հաղթանակ իր թեկնածուի համար (որպեսզի այլ կասկածներ չլինեին): Սակայն տեղեկացնենք, որ Հ. Աբրահամյանը հիմա բնակվում է Երեւանում (գրանցված է Տերյան 66 հասցեում. 10/08 ընտրատեղամասում, որտեղ նա քվեարկել է, հաղթել է Ր. Հովհաննիսյանը` ստանալով 410 ձայն, իսկ Ս. Սարգսյանը` 386 քվե:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ծննդավայրը Վանաձոր քաղաքն է: Ի տարբերություն ԱԺ նախագահի՝ վարչապետը չի կարողացել ո՛չ իր ծննդավայրում, ո՛չ էլ այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկում է, ապահովել իր թեկնածուի հաղթանակը: Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը Վանաձորում բավական ծանր, ընդ որում անսպասելի պարտություն է կրել: Վարչապետը, սակայն, գրանցված է Չարենցի 70 հասցեում, ընտրություններին մասնակցել է 10/21 ընտրատեղամասում, որտեղ ՀՀԿ թեկնածուն պարտվել է` ստանալով 312 ձայն, մինչդեռ Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 429 մարդ: ՀՀԿ մեր աղբյուրները պատմում են, որ ընտրությունների ողջ օրը Տ. Սարգսյանը եղել է բավական ընկճված, շփվել է միայն իր աշխատակազմի ղեկավար, իր սանիկ Դավիթ Սարգսյանի հետ` Ս. Սարգսյանի շտաբում առանց որեւէ ձայն հանելու քայլելով սենյակի մի ծայրից մյուսը:
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հայրենի գյուղը համարվում է Սառնաղբյուրը, որտեղ եւս Ս. Սարգսյանը լուրջ պարտություն է կրել. այս գյուղի 36/40 ընտրատեղամասում Ր. Հովհաննիսյանին ձայն է տվել է 410, Ս. Սարգսյանին` 346 մարդ: Ըստ մեր տեղեկությունների՝ ընտրությունների գիշերը անգամ Ս. Նիկոյանն է անձամբ եկել այդ գյուղ, սակայն այդ ընտրատեղամասում այդպես էլ չի հաջողվել Ս. Սարգսյանի օգտին ձայներ ապահովել՝ չնայած եղել են ճնշումներ` պահանջելով մյուս թեկնածուների քվեաթերթիկները դնել Ս. Սարգսյանի անվան տակ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը գրանցված է Երեւանի 9/20 ընտրատեղամասում: Այստեղ եւս Ս. Սարգսյանը պարտվել է` ստանալով 284 ձայն, մինչդեռ Ր. Հովհաննիսյանի օգտին է քվեարկել 315 հոգի:
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հայրենի գյուղը համարվում է Շիրակի մարզի Սպանդարյան համայնքը. բնականաբար, այս փոքր գյուղում եւս Ս. Սարգսյանի օգտին հաջողվել է հաղթանակ ապահովել. 1117 հոգուց ընտրություններին մասնակցել է 855-ը, եւ Ս. Սարգսյանի օգտին քվեարկել է 440-ը: Ընդ որում այստեղ Ր. Հովհաննիսյանը եւս բավական շատ ձայն է տարել. 391 հոգի քվեարկել է նրա օգտին, փոխարենը մյուս թեկնածուներին քվեարկել է 2-3 մարդ. ենթադրվում է` այստեղ մյուս թեկնածուների քվեաթերթիկները հաշվվել են Ս. Սարգսյանի օգտին` այդպես նրան ձայն ապահովելով: Իսկ Երեւանի 10/27 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է Ա. Բաղդասարյանը, Ս. Սարգսյանին քվեարկել է 262, Ր. Հովհաննիսյանին` 250 մարդ:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ծննդավայրը համարվում է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղը: Սա 14/39 ընտրատեղամասն է, որտեղ եւս Ս. Սարգսյանի համար պաշտոնական տվյալներով ջախջախիչ հաղթանակ է արձանագրվել.191 հոգուց ընտրություններին մասնակցել է 179-ը, նրանցից 173-ը քվեարկել է Ս. Սարգսյանի օգտին, 6-ը` Ր. Հովհաննիսյանի: Մյուս թեկնածուները, բնականաբար, ստացել են 0 ձայն: Իսկ դատախազն անձամբ գրանցված է 8/26 ընտրատեղամասում, որտեղ եւս Ս. Սարգսյանին փորձել են հաղթանակ ապահովել. 524 հոգի քվեարկել է նրա օգտին, 373-ը` Ր. Հովհաննիսյանի:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ծնվել է Էստոնիայի Տալին քաղաքում, որտեղ, սակայն, հայկական ընտրատեղամաս չկա: Փոխարենը նա գրանցված է 5/06 ընտրատեղամասում: Այստեղ, սակայն, Ս. Սարգսյանը պարտվել է. նա ստացել է 422 ձայն, իսկ Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 503 մարդ:
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ծնունդով Գյումրուց է, որտեղ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Իսկ 9/17 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է ԱԱԾ պետը, Ս. Սարգսյանը ստացել է 406, Ր. Հովհաննիսյանը` 395 ձայն:

շարունակելի
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս