Երևանը հիվանդ է անգրագետ ճարտարապետների, նախագահների ագահության պատճառով. Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արթուր Իսպիրյանը դուետներով հանդես գալու մի քանի ծրագրեր ունի, որոնք, սակայն, կիսատ են մնացել. մարդիկ, որոնց հետ նա աշխատում էր, երկրում չեն, եւ, ինչպես ինքն է նշում՝ չեն էլ պատրաստվում վերադառնալ: «Ով լավ երաժիշտ է, ուզում է այստեղից մեկնել, քանի որ երբեք չի գնահատվում: Լավագույն կադրերը հեռանում են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:

Երգիչն, ամեն դեպքում, ինչ գնով էլ լինի` մտածում է ստեղծել իր նվագախումբը եւ ներկայացնել այն երգերը, որոնք ինքը սիրում է. «Ստվերում եմ մնացել, բայց դուրս կգամ այդ ստվերից. երբեք ուշ չէ: Գալիս է մի պահ, որ տեսնում ես` արածդ ժողովրդին հասանելի չէ, ստիմուլ չես ստանում, ասում ես` էլ ինչու երեւամ: Հիմա աշխատում եմ Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի հետ: Իրենք էլ գործ չունեն, պարապ են մնացել, քանի որ հայկական էստրադայի օրիգինալ նոտագրությամբ երաժշտություն լսող չկա: Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգներ որ լինում են, ինձ էլ են հրավիրում…»,-ասաց նա:

Արթուր Իսպիրյանը մեզ հետ զրույցում շնորհավորեց Երեւանի տոնը, սակայն «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները որակեց որպես ձեւական երեւույթ. «Սրտանց բան չի արվում, եթե սրտանց արվեր, Երեւանի մասին կմտածեին, այսպես չէին ավիրի այգիները, քաղաքի ճարտարապետական դեմքը… Մեղք է Երեւանը, բետոնապատ Երեւանը, ուզում եմ առողջ մայրաքաղաք տեսնել, Երեւանը հիվանդ է անգրագետ ճարտարապետների, ղեկավարների, նախագահների ագահության պատճառով: Պատճառն այն է, որ իրենք Երեւանում չեն մեծացել, Երեւանը չեն սիրում, որ Երեւանում մանկություն ունենային, այսպես դաժան չէին վերաբերվի մայրաքաղաքի հետ»:

Նա նաեւ նշեց, որ երկրից մեկնելու հնարավորություն ունի, բայց չի ուզում թողնել հայրենի քաղաքը. «Առանց Երեւան ես չկամ…Ուր էլ գնամ, կարոտը խեղդում է, ուզում եմ էլի գալ մեր բունը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս