ՀԱՆՔԵՐԻ ՍԻԼՎԱՆ ՀԻՄԱ ԷԼ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված գործարար Սիլվա Համբարձումյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարարը այս օրերին գտնվում է դատական պրոցեսի մեջ եւ դատավորների միջոցով փորձում է իր ընկերությունների դեմ ներկայացրած հայցերը «ջրել տալ»:

Տեւական ժամանակ է, ինչ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած գործարար Սիլվա Համբարձումյանը կարծես թե «լռել» էր: Այս տիկինը պարբերաբար հայտնվում է աղմկալի իրադարձությունների կենտրոնում, իր վրա բեւեռում բոլորի ուշադրությունը, այնուհետեւ ասում, թե ինքը կապ չունի, իրեն վիրավորել են, ապտակել են, «բոյով մեկ» «քցել» են: Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ին լրատվամիջոցների հետ զրույցում գործարարը հայտարարել էր, թե պատրաստվում է կաշառքի հայտարարություն անել պետական պաշտոնյայի մասին: Ավելին՝ գործարարը ասել էր, թե մինչ օրս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր պարտքերը չեն վերադարձրել:
Թե ինչ կաշառքի մասին հայտարարություն պետք է անի Սիլվա Համբարձումյանը, դեռ չի շտապում գաղտնազերծել: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սիլվա Համբարձումյանը դատական մի շարք հայցեր ունի իրեն պատկանող ընկերությունների դեմ եւ հիմա էլ դատական համակարգում ծանոթների միջոցով փորձում է հայցերը կա՛մ մեժել տալ, կա՛մ հայցվոր ընկերություններին փորձել համոզել, որ ինչ-ինչ ճանապարհով հայցից հրաժարվեն:
«Ժողովուրդ»-ը հետաքննություն անցկացրեց եւ պարզեց, օրինակ՝ 2015 թվականի փետրվարի 24-ին «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կալաչ» ՍՊԸ-ից գումար գանձել, սակայն ընկերության հայցը մերժվել է: Դրանից առաջ՝ 2014-ին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն էր դիմել դատարան՝ ընդդեմ «Կալաչ» ՍՊ ընկերության, Սիլվա Համբարձումյանի, «Սիփան-1» ՍՊ ընկերության, «Լուլիար» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման եւ բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջով: Ու մինչ դատարանը կսկսեր դատաքննությունը, բանկը հրաժարվեց հայցից, ու խնդիրը լուծվեց:
Ավելին՝ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ՍՊ ընկերությունից գումար գանձելու պահանջով դատական հայց էր ներկայացրել նաեւ «Դի Էս Սիսթեմս» ՍՊԸ-ն Ու թեեւ Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Իսկ դատարանն էլ՝ պարզելով, որ «Կալաչ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, որոշել էր գործը փակել:
Ու թեեւ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «Կալաչ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, որի մասին «ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 24-ին հրապարակեց, այնուամենայնիվ, գործարար Սիլվա Համբարձումյանը որոշեց խուսափել իրականությունից: «Ոչ մի բան չկա, «Կալաչ»-ը վերսկսում է, վերսկսել է աշխատել, ոչ մի աճուրդի երբեք չի եղել, ուխտը ինչքան ընկնի, մի իշաբեռ ունի»,- ահա, այսպես պատկերավոր էր իր վիճակը բացատրել տիկինը: Իսկ որտե՞ղ է էշն ու իշաբեռը:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց գործարար Սիլվա Համբարձումյանի հետ:
-Տիկի՛ն Համբարձումյան, Ձեր ընկերության դեմ դատական հայցերը Դուք կարողանում եք կարճել կամ մերժել տալ: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ հայցվոր ընկերություններն են հայցից հրաժարվում:
-Լավ չգիտեք, քանի դատավճիռներ են իմ դեմ կայացվել, Դուք ինձ եք ասում:
-Միգուցե կան դեպքեր, որ Դուք եք դատարանում պարտվել, հիմնականում գրեթե բոլոր դատական պրոցեսներից հաղթող եք դուրս եկել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Դուք տարբեր ճանապարհներով հասնում եք դրան՝ անգամ գործի դնելով դատավորներին անձամբ խնդրելու տարբերակները:
-Մենք օրինական դաշտում ենք, պայքարում ենք, շուտով ասուլիս կտանք եւ այդ մասին մանրամասն կներկայացնենք, կան դատական պրոցեսներ, որ դեռեւս շարունակվում են:
-Միգուցե հենց շարունակվող դատական պրոցեսների մասով էլ այս օրերին դիմում եք Ձեր դատավոր ընկերներին, որ կարողանան օգնել Ձեզ՝ գործը հօգուտ Ձեզ լուծելու համար:
-Ուրեմն ուշադիր ինձ լսեք. ես այն մարդը չեմ, որ եթե ճիշտ չլինեմ եւ դիմեմ դատարան: Երկրոդը, եթե մարդ ընկեր ունի, ապա այդ ընկերոջը երբեք վնաս չի տա, ես էլ օրինական դաշտում եմ, ամեն ինչ փաստաթղթերով ենք իրականացնում, հո այդպես չի՞:
-Տիկի՛ն Համբարձումյան, Դուք մշտապես հայտնվում եք աղմկալի պատմությունների կիզակետում. ասում եք, որ Սյունիքի մարզպետն է Ձեզ պարտք, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, եւ դեռ առաջիկայում էլ պատրաստվում եք ինչ-որ պաշտոնյայի անուն տալ կաշառակերության մասով: Շատ չե՞ն այս դեպքերը մի գործարարի համար:
-Չգիտեմ, երբ հայտարարությունը անեմ, պատկերավոր կլինի ամեն ինչ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊԱՐՏՔԵՐԸ ՍՏԻՊԵՑԻ՞Ն
Ներքին գործերի նախկին աշխատակցի՝ Սամվել Ազիզյանի մահվան դեպքից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս բավականին շատ պարտքեր է ունեցել, ու չի բացառվում, որ հենց այդ պարտքերի պատճառով է թաքնվել ընկերոջ տանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի Ձորափի 40 շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբի մոտ հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր Սամվել Ազիզյանի դին: Բնակարանը, որտեղ նրան գտել էին, իրենը չէր, այլ պատկանում էր իր ընկերոջը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սամվել Ազիզյանի ընկերը իրավապահներին հայտնել է, որ նա շատ պարտքեր ուներ եւ ստեղծված իրավիճակից ելնելով՝ խնդրել էր մնալ իր տանը:
Երեկվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, քննչական բոլոր գործողությունները հիմք են տալիս կարծել, որ Ազիզյանը ինքնասպան է եղել:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Նախօրեին Արմավիրի մարզի Լեռնուղի գյուղում ինքնասպան է եղել նույն համայնքի բնակիչ 54-ամյա Գագիկ Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը հայտնեց, որ հարազատներն իրեն պատմել են, թե Գագիկ Խաչատրյանը առավոտյան կնոջ հետ սուրճ է խմել եւ ասել, թե գնամ անասնագոմ «հավերին հացավորեմ ու գամ», իսկ ավելի ուշ կինը, մտնելով անասնագոմ, տեսել է ամուսնուն՝ կախված վիճակում: «Շատ լավ մարդ էր, պարզապես մեզ հայտնի էր դարձել, որ առողջական խնդիր ունի: Նույնիսկ որդին սեպտեմբերի 24-ին հիվանդանոց էր տարել, համապատասխան դեղեր էին նշանակել: Իմացել եմ նաեւ, որ բժիշկները տղային հայտնել էին, թե հոկտեմբերի 13-ին հերթական անգամ ստուգման նպատակով տանի հիվանդանոց: Դե, ինչպես տեսնում եք, չհասցրեցին: Երկու երեխա ուներ` մեկ տղա, մեկ աղջիկ, նորմալ ապրում էին: Նույնիսկ սեպտեմբերի 30-ին իր ձեռքով տարավ, խողողը մթերեց»,- պատմեց գյուղապետը:
Համայնքի ղեկավարի համար անասելի տարօրինակ են այն խոսակցությունները, որ շատերը Գագիկ Խաչատրյանի ինքնասպանությունը փորձում են կապել խաղողը չմթերելու կամ պարտքերի հետ. «Հիմա ով պարտքի կամ խաղողը մթերելու խնդիր չունի, բայց հո այդ քայլին չեն գնա: Ձեզ վստահեցնում եմ, որ նա առողջական խնդիրներ ուներ, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Գագիկը կարող էր գնալ այդ քայլին, ափսոս, տեսնեիք, ինչպես էր տղան լաց լինում»:

 

ԻՆՔՆԱՁԻԳԵՐԻ ԵՆ ԱՆՑԵԼ
Հոկտեմբերի 6-ին եւ լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ԼՂՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը ինքնաձիգներից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից եւ «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:

 

ԻՐԱՔՆ ԷԼ
Իրաքը առաջիկայում կարող է դիմել Ռուսաստանին՝ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարին միանալու խնդրանքով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաքիմ ալ-Զամիլին: «Բաղդադում ցանկանում են, որ Մոսկվան իսլամիստ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում ավելի նշանակալի դերակատարություն ունենա, քան ԱՄՆ», – ասել է Հաքիմ ալ-Զամիլին:

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է 2016-2017 թվականների «Գրին քարտի»՝ ԱՄՆ ներգաղթի վիճակախաղի մեկնարկի մասին։
Նկատենք, որ Հայաստանը «Գրին քարտ» ստացողների թվով առաջատարն է տարածաշրջանում։ Անցած տարի, օրինակ, ներգաղթի վիզա է ստացել ավելի քան 2000 հայաստանցի, որոնք ԱՄՆ գնալու հնարավորություն ունեն իրենց ընտանիքների հետ։ Վրաստանից «Գրին քարտ» ստացողների թիվը եղել է երկու անգամ ավելի քիչ՝ 803, Ադրբեջանից՝ 450։
Դիմողների թվով եւս Հայաստանն առաջինն է Հարավային Կովկասում. 2015-ին դիմել է ավելի քան 56 հազար հայաստանցի, մինչդեռ Վրաստանից դիմել էին 53 հազար, Ադրբեջանից՝ 29 հազար քաղաքացի։

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկել է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։ Հայցվորները պահանջում են մոտ 3 մլն 400.000-ի չափով գումար հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։ «Ուղղակի գումարները, որոնք նրանք ներկայացրել են բուժման համար, ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել ապահովագրական ընկերությանը, որպեսզի հասկանանք՝ արդյոք ապահովագրական ընկերությունը արդեն իսկ չի վճարել այդ գումարները, կամ պատրա՞ստ է վճարել, թե՞ ոչ»,- «Ա1+»-ին ասել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
Հայաստանում «Մեծամորի» ատոմակայանի աշխատանքը կօգնի զգալիորեն նվազեցնել երկրում էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին երեկ հայտարարել է Ռոսատոմ» կորպորացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Նա նշել է, որ գործող Էներգաբլոկն ապահովում է էլէներգիայի 35-ից 37 %-ը, ինչը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցն է: «Մենք ուսումնասիրել ենք արված հաշվարկները: Եթե հանկարծ դադարի աշխատել Մեծամորի ատոմակայանը, Հայաստանում էլէներգիայի սակագինը մոտավորապես 3 անգամ կբարձրանա: Սա ամենաէժան էլեկտրաէներգիան է, եւ Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի հաշվին, ՀՀ կառավարությունը կարող է զգալիորեն կրճատել բնակչության ու ձեռնարկությունների համար սակագները»:

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին: «Մարդու իրավունքների վիճակը, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Եվրոպայի խորհուրդը տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ»,- ասված է ԵԽ տարածած հաղորդագրությունում:




Լրահոս