ՎԱԶԳԵՆԸ ԼԻՆԵՐ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քաղաքական էլիտան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Էջմիածին քաղաքում էր՝ մասնակցելու Էջմիածնի 2700-ամյակի տոնական միջոցառումներին: Նախ հայրենի պաշտոնյաները Սբ. Հռիփսիմե եկեղեցու հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում ներկա գտնվեցին Սպարապետ Վ. Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, ԱԺ անկախ պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանն ու Բազմասեր Առաքելյանը: Էջմիածնի տոնին մասնակցում էին նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Սպարապետի մայրը, հայրը, ինչպես նաեւ նրա երկու եղբայրները՝ Արմեն եւ Արամ Սարգսյանները: Վ. Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը, առողջական լուրջ խնդիրներ ուներ, դժվարությամբ էր քայլում: Նախքան հուշարձանի բացումը Սպարապետի ծնողներին մոտեցան եւ ողջունեցին Ս. Սարգսյանը, Գ. Սահակյանը, Մ. Գրիգորյանը, Ս. Սարոյանն ու Ա. Ղահրամանյանը: Այնուհետեւ Սպարապետի եղբորը՝ Արմեն Սարգսյանին վստահեցին հուշարձանի բացումը:
Նկատենք՝ Վ. Սարգսյանի մյուս եղբայրը` Արամ Սարգսյանը, իրեն «հեռու» էր պահում իշխանության ներկայացուցիչներից. իր ընտանիքի անդամների հետ առանձին հետեւում էր ընթացքին: «Ժողովուրդ»-ը Արամ Սարգսյանին մի քանի հարց ուղղեց` Հայաստանի առջեւ ծառացած այսօրվա խնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ:
-Ես կարծում եմ, որ Վազգենին ժամանակի մեջ ավելի են գնահատելու, Վազգենի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական գործունեությունը, թե՛ մարդկային տեսակը: Ես այն կարծիքին չեմ, որ առ այսօր գնահատված չի, ավելի քիչ է գնահատված եղել իր կենդանության օրոք, երեւի մեր ժողովրդին բնորոշ հատկանիշ է, որ մարդուն սկսում են գնահատել, երբ նա ֆիզիկապես ներկա չի, ու հոգով զգում են այդ մարդու պակասը: Ես կուզեի, որ Վազգենի թողած գործը ամրանար բանակցային հենքով, նյութ ու բովանդակություն ստանար, ու նոր մահապարտների կոչ անելու կարիք որեւէ մեկն այլեւս չունենար, այնպես, ինչպես Վազգենն ունեցավ:
-Եթե Սպարապետն այսօր ողջ լիներ, արդյո՞ք հպարտանալու էր այսօրվա Հայաստանով, ըստ Ձեզ՝ այն գործելաոճը, որն այսօր որդեգրել են գործող իշխանությունները, արդյո՞ք Վազգեն Սարգսյանի «սրտով» կլիներ:
-Կարծում եմ, որ ոչ… գիտեք, անթերի պետություններ չկան, եւ Հայաստանում անելիք շատ-շատ կա, բայց իմ խորին համոզմամբ՝ այսօրվա Հայաստանը շատ ավելի լուրջ թերություններ ու խնդիրներ ունի, շատ ավելի մեծ ճահճի մեջ է հայտնվել, քան 90-ական թվականների Հայաստանն էր, որտեղ Վազգենը խնդիրներ էր տեսնում ու փորձում էր լուծել: Խնդիրները միշտ են լինելու, դրանք անվերջ են, պետությունն առաջ գնալու համար խնդիրներ պետք է լուծի: Դժբախտաբար մեր երկիրն անընդհատ հետ է գնում, ու այն խնդիրները, որոնք փորձում են լուծել, այդ խնդիրները մեր երկիրը էլ ավելի հետ են տանում: Նկատի ունեմ թե՛ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը, թե՛ անիմաստ, անհեթեթ Սահմանադրության հանրաքվեն, դրա շուրջ այս անլուրջ քննարկումները:
-Այսինքն՝ Դուք այն տեսակետին եք, որ Սպարապետը եւս չէ՞ր ցանկանա, որ Հայաստանն անցում կատարեր խորհրդարանական համակարգի, եւ որ կյանքի կոչվեին այն փոփոխությունները, որոնք նշված են նոր Սահմանադրության առաջարկվող նախագծում:
-Համոզված եմ, որ չէր ցանկանա, որովհետեւ գիտեմ, որ Վազգենն ավելի շատ լրիվ նախագահական մոդելի կողմնակից էր: Այսինքն՝ ամերիկյան մոդելն ինքը… նա արտահայտվել է այդ մասով, այնպես որ, ես ուղղակի իմ զգացողությունը չեմ ասում, ինքն արտահայտվել է ժամանակին ու ասել է, որ ինքը նախագահական կառավարման կողմնակից է: Շատ-շատ հարցեր կան, որոնց շուրջ իմ ու Վազգենի տեսակետները տարբերվում են, բայց այդ հարցում ես այդ կարծիքին էի ու այժմ էլ եմ այդ նույն կարծիքին:
-Փաստորեն Սպարապետը ընդվզողների շարքում կլինե՞ր:
-Եթե Վազգենը լիներ, ես չեմ կարծում, որ այսօր խնդիր լիներ ՀՀ Սահմանադրությունը փոխելու, գուցե բարեփոխումներ անելու խնդիրներ առաջանային, որովհետեւ որեւէ Սահմանադրություն կամ օրենք կատարյալ չէ, բայց Վազգենը միանշանակ այն կարծիքին կլիներ, որ երկրի այսօրվա պրոբլեմները Սահմանադրության փոփոխությամբ չէ, որ լուծվելու են: Վազգենի պարագայում չէր կարող սոցիալական, հասարակական այսպիսի բեւեռացվածություն լինել, Վազգենի պարագայում հնարավոր չէր, որ պետական պաշտոնները փողով գնվեին, կամ մարդիկ փող ունենալով՝ մտածեին, որ իրենք կարող են նախագահ դառնալ: Ու նույնիսկ այդպիսի հայտ չէին ներկայացնի: Երկիրը բացարձակ այլ ուղղությամբ էր գնում, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, մենք կունենայինք Իսրայելի նման մի երկիր, ամենայն հավանականությամբ, որոշակի ուժեր չցանկացան, որ այս տարածաշրջանում Իսրայելի նման երկրորդ ուժեղ պետությունը լինի, դրա համար տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Եթե այն չլիներ, բազմաթիվ այլ բաներ այսօր չէին լինելու:

 

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՊԱՏԺՈՒՄ» Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒՆ ԻՐ «ՁԵՎԵՐՈՎ»

2014 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հրապարակավ կոպտեց, ինչը տեւական ժամանակ տարբեր քննարկումների տեղիք տվեց: Երեկ վարչապետը կրկին կոպիտ տոնայնությամբ նկատողություն արեց Ա. Սահակյանին` վերջինիս դիմելով անունով ու հորդորելով չալարել ու խոսել:

Հիշեցնենք, որ վարչապետի՝ նախորդ տարի արած առաջին նկատողությունից հետո Ա. Սահակյանը հայտարարել էր, թե Աբրահամյանն իրեն չի կարող նկատողություն անել, ինչից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ դա շատ «ցավոտ» է ընդունել Հ. Աբրահամյանը: Ավելին՝ նշվում էր, որ առաջիկայում Ա. Սահակյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, քանի որ վարչապետը չի ցանկանում նրա հետ աշխատել: Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Գ. Սահակյանին հաջողվել է ներքին կարգով լուծել այդ խնդիրը: Երեկվա նիստում գրանցված միջադեպը թերեւս ցույց է տալիս, որ, չնայած վարչապետը Ա. Սահակյանին պաշտոնանկ չի անում, բայց եւ իր «ձեւերով» պատժում է` ամեն անգամ նրան «իր տեղը» ցույց տալով:
Նշենք, որ նախորդ տարվա՝ արդեն նշված նիստի ժամանակ Ա. Սահակյանը փորձում էր Կառավարության հաստատմանը ներկայացնել պետական գույքն օտարելու մասին նախագիծը, որն ակնհայտորեն դուր չեկավ Հ. Աբրահամյանին, ով շատ կոպիտ տոնով հրահանգեց նախագիծը օրակարգից հանել:
Իսկ երեկվա նիստում էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանն էր ներկայացնում նախագիծ, որը հարուցեց Կառավարության որոշ անդամների ծիծաղը: Սա, բնականաբար, չէր կարող չվրդովեցնել Հ. Աբրահամյանին. «Ինչի՞ ըտենց ոգեւորվեցիք, լավ բան է ասում, դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում, դրա համար: Պետք է հիմնավորենք պարոն Ճշմարիտյանի ասածները, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, ձեր ներքին եւ արտաքին պրոբլեմն է»:
Այնուհետեւ Ա. Սահակյանը Կառավարությանը ներկայացրեց, որ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին կնվիրեն Երեւանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող, 169.700 դրամ սկզբնական արժեքով 3910.6 ք. մ. մակերեսով շենքը, շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը: Սակայն Աբրահամյանը նշեց, որ Սահակյանը պարզ չի ներկայացնում հարցը, եւ այն անհասկանալի է մնում հանրության համար: «Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան եւ կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Ամեն անգամ բոլորիդ ասում եմ նույն բանը: Դե, ասա, ծրագրի մասին խոսի, հիմա մարդկանց մտքներով ինչ կանցնի՝ ինչի համար են վաճառում եւ այլն: Պարզ խնդիր էր, բացատրեք, որ խնդիր է դրված նախագահի կողմից այդ հարցը լուծելու: Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արման, ես չեմ հասկանում, էլի, ալարում եք խոսեք»,-վրդովված նկատեց վարչապետը:
Նշենք, որ Հ. Աբրահամյանի այս նկատողությանն Ա. Սահակյանը դեռեւս չի արձագանքել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԲՀԿ-Ն ՇԱՏ Է ՍՊԱՍԵԼ
ԲՀԿ տարածքային կառույցը, որտեղ Էլինար Վարդանյանը գրանցված է որպես ԲՀԿ անդամ, երեկ նրան կուսակցության շարքերից հեռացնելու որոշում է կայացրել: Սակայն Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու համար անհրաժեշտ է, որ տարածքային կառույցի որոշումը հաստատի նաեւ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի եւ կհաստատի տարածքային կառույցի որոշումը: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցության կողմից նման որոշում կայացնելու պատճառը ներկուսակցական խնդիրներն են եղել: «Մարդիկ սա փորձում են կապել սահմանադրական փոփոխությունների հետ: Սահմանադրական փոփոխությունների քննարկմանը տվյալ անձիք չեն մասնակցել, չեն եկել քվեարկության, հետեւաբար նրանք «ոչ» չեն քվեարկել: Իսկ ով է ասել, որ քվեարկությանը չգալը «ոչ» է, իսկ միգուցե «այո» է: Մենք հարգելի ենք համարել բոլորի բացակայությունը»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքերով՝ այս խնդիրը կապված է տարատեսակ այլ՝ ավելի լուրջ եւ ավելի ներկուսակցական հարցերի հետ: «Երկար ժամանակ համբերել, սպասել, համոզվել ենք, որ մարդիկ այլ ծրագրեր ունեն, իրենց խնդիրն է, եւ միջամտելու կամ պատժելու լիազորություն եւ ցանկություն չունենք»: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից պարզել, թե ինչու են որոշել իրենց կուսակցության քոչարյանական թեւի ներկայացուցիչներից ազատվել: Մելքումյանն այս առնչությամբ ասաց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ դեմոկրատական կառույց է, եւ որեւէ մեկը որեւէ մեկի նկատմամբ պատժիչ գործողություններ երբեւիցե չի իրականացրել. «Կան բնականոն ներկուսակցական գործընթացներ: Դա մեր ներքին խնդիրներն են, եւ կարծում եմ՝ ավելորդ է դրա մասին շատ հրապարակել: Ես թեւեր չգիտեմ՝ որն է, ես թեւեր չեմ ճանաչում»:

 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՑ
Երեկ խորհրդարանն ավարտեց հերթական Աժ քառօրյան: Առաջիկա շաբաթվա ընթացքում խմբակցություններին կբաժանվի 2016 թվականի բյուջեի նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում կսկսվեն պետբյուջեի նախագծի քննարկումները, որոնք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 16-ը, որից հետո էլ այն կընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգ:

 

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի եւ կարտոֆիլի գները բարձրացել են 12.6 տոկոսով: Իսկ այս տարվա օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 3.5 տոկոս: Մասնավորապես, սնկի գնաճը կազմել է 4.1, վարունգինը՝ 4.8, կանաչ սոխինը` 18.3, սմբուկինը` 18.3, սխտորինը` 19.8, լոլիկինը` 27.1, կաղամբինը՝ 31 տոկոս:




Լրահոս