21-ամյա վանաձորցու «արկածները. կնոջ և երեխայի խնդիրանքների անտեսման հետևանքը դաժան եղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի վարույթ է ընդունվել 21-ամյա Հրայր Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այն մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 12-ին վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ: Անտեսելով վերջինիս կնոջ և մանկահասակ դստեր ներկայությունը և չհարվածելու խնդրանքները՝ Հրայրը, ըստ մեղադրանքի, ցուցաբերել է բացառիկ անգթություն. հարձակվել և իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Սեյրան Հարությունյանի կրծքավանդակի աջ կեսին և զույգ նստատեղերի շրջաններին, դիտավորությամբ առողջությանը պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ թափանցող, ծակած-կտրած վերքեր՝ աջակողմյան հեմոթորաքսով:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել): Հրայր Հարությունյանը կալանավորված է: Նշենք, որ դեպքից հետո քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով:

Վերջում հավելենք, որ դեպքից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտնել էր, թե վիճաբանության ժամանակ Հրայր Հարությունյանը, անցորդների դիտողություններն անտեսելով, հայհոյանքներով խախտել է հասարակական կարգը, ապա` ձեռքերով ու դանակով հարվածներ հասցրել Սեյրան Հարությունյանին: Չէր անսացել նաև վերջինիս կնոջ և դստեր ներկայությանն ու չհարվածելու խնդրանքներին. շարունակել էր վայրագությունը: Կյանքից զրկելու դիտավորությամբ, առանձին դաժանությամբ, բացառիկ անգթություն ցուցաբերելով` հարձակվել ու դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Հարությունյանի կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս:

Հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում. հարձակումը հետ էր մղել պատահական անցորդը… Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ միջպետական հետախուզման մեջ գտնվող Հրայր Հարությունյանը թաքնվում էր Մոսկվայում: Նախորդ տարվա փետրվարի 4-ին Հրայր Հարությունյանը հայտնաբերվել էր Մոսկվայում ու ձերբակալվել, ապա` էտապավորվել Հայաստան:




Լրահոս