«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը բաց նամակով դիմել է իրավապահներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հրավերով Հայաստանից մեկնելու թույլտվության վերաբերյալ: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ գլխավոր դատախազ
Գևորգ Կոստանյանին
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ
Աղվան Հովսեփյանին
Թիվ 69100615 քրեական գործով նախաքննություն
իրականացնող քննչական խմբի ղեկավար,
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով
քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով
ավագ քննիչ Ամրամ Մակինյանին
ՀՀ քաղաքացի, թիվ 69100615 քրեական գործով մեղադրյալ
Գարեգին Բաբկենի Չուգասզյանից
Բաց նամակ
Պարոնայք,
Սույն նամակով տեղեկացնում եմ, որ ստացել եմ մասնագիտական գործուղման մեկնելու հերթական հրավերը՝ այս անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհան Քլոսից: Անձամբ նա և Թալալ Աբու Գազալեհ կազմակերպության հիմնադիր Թալալ Աբու Գազալեհը (տես կից հրավերը)՝ հրավիրում են ինձ անդամակցել ս.թ. նոյեմբերի 16-ի 19-ը Բարսելոնայում կայանալիք Ապագայի քաղաքների համաշխարհային էքսպո-կոնգրեսի (Smart City Expo World Congress–ի) առիթով ստեղծվող Գլոբալ ցանցին, հանգամանք որ, կարծում եմ, պատիվ է բերում Հայաստանին:
Պահպանելով օրենքի պահանջները՝ դիմում եմ ձեզ թույլատրելու վերը նշված գործուղման նպատակով ս.թ. նոյեմբերի 14- 20-ը դուրս գալ ՀՀ սահմաններից:
Ուզում եմ հիշեցնել, որ դուք և ձեր ղեկավարությամբ գործող պետական ծառայողները առանց որևէ օրինական հիմքի ու պատճառի 2015 թ. ապրիլի 7-ից սկսած քրեական հետապնդում եք իրականացնում իմ և իմ վեց ընկերների նկատմամբ, որի ընթացքում մեկ ամսով բանտարկել եք մեզ, այնուհետև մեր իրավունքները խախտում ու սահմանափակում եք 2015 թ. փետրվարի 18-ին հարուցված թիվ 69100615 քրեական գործի վարույթը երկու ամիսը մեկ անգամ առանց որևէ լուրջ հիմնավորման երկարաձգելով և դրա շրջանակներում մեզ մեղադրյալի կարգավիճակում պահելով:
Մեր կարգավիճակն օգտագործելով՝ դուք մեզ փաստորեն վերաբերում եք որպես քաղաքական պատանդների և խոչընդոտում եք մեր անձնական և մասնագիտաական գործունեությունը:
Մասնավորապես՝ թիվ 69100615 քրեական գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Ամրամ Մակինյանը, անտեսելով օրենքի և նախադեպերի ընձեռած հնարավորությունը, ինչպես նաև իմ կենսագրությամբ ու քրեական գործի վարույթի ընթացքում դրսևորած պատշաճ վարքով պայմանավորված ակնհայտ երաշխիքները, երկու անգամ ինձ արգելել է իմ մասնագիտական գործունեության անհրաժեշտ մասը կազմող գործուղումների նպատակով դուրս գալ ՀՀ սահմաններից:
Առաջին անգամ նա ինձ արգելել է մեկնել և ելույթ ունենալ Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրապական հեղինակավոր համաժողովին, իսկ երկրորդ անգամ՝ ՝ Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի (որի անդամը եմ հանդիսանում) հերթական նիստին մասնակցելու նպատակով մեկնել Ստրասբուրգ, Ֆրանսիա:
Վստահաբար՝ անգամ դուք ներքուստ համոզված եք, որ ես ոչ միայն չեմ թաքնվելու, այլև իմ ընկերների հետ միասին շարունակելու եմ մասնակցել Հայաստանում սահմանադրականության հաստատման համար ներկայումս մղվող քաղաքական պայքարին»:
Գարեգին Չուգասզյան
Հիմնադիր խորհրդարանի նախագահ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ
Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հիմնադրամի գործադիր տնօրեն