ՊԱՐԶ ԲԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում իրենց կրած խայտառակ պարտությանը, «Առավոտ»-ին ասել է, թե ռեժիմն ի սկզբանե էր որոշել, որ Կոնգրեսը չպիտի լինի ավագանու կազմի մեջ. «Ռեժիմն ավելի ամրապնդվեց այդ որոշման մեջ, երբ մենք Տարոն Մարգարյանի դեմքը պատռեցինք եւ ցույց տվեցինք, թե ինչ գող ու ավազակի հետ մենք գործ ունենք, ընդհանրապես ինչ ավազակապետական ռեժիմի հետ գործ ունենք: Փաստերով ցույց տվեցինք: Իրենք հասկացան, որ ավագանիում եթե գոնե մեկ կոնգրեսմեն լինի, Կոնգրեսի գոնե մեկ ներկայացուցիչ, ուրեմն նրանց ամեն մի հանցավոր գործարքը, ամեն մի հողահատկացումը, իրենց հարստանալու ամեն մի հարցը աղմկալի, կատաղի դիմադրություն է ստանալու: Դրա համար փակեցին Կոնգրեսի առաջ ճանապարհը դեպի ավագանի: Պարզ բան է»: Սակայն արդյոք ամեն ինչ այդքան պարզ է, ինչպես փորձում է ներկայացնել Լեւոն Զուրաբյանը, արդյոք հանրության մեջ հարցեր չեն առաջանում նման պնդումներից: Չէ՞ որ, ի վերջո, 2011թ.-ից ի վեր Կոնգրեսը նաեւ այլ դիմակներ է պատռել եւ ցույց տվել, թե ինչպես  կարող է «գործ ունենալ ավազակապետական ռեժիմի հետ»: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանիում գոնե «մեկ կոնգրեսմեն» ունենալուց իշխանությունների սարսափին, ապա դժվար է չհիշեցնել, որ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո այդ նույն Կոնգրեսն ուներ 13 ավագանու անդամ, սակայն չգիտես ինչու, իշխանությունների «ամեն մի հանցավոր գործարքին, ամեն մի հողահատկացմանը, իրենց հարստանալու ամեն մի հարցին կատաղի դիմադրություն ցույց տալու» փոխարեն` գերադասեց բոյկոտել ավագանու աշխատանքները: Իսկ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո էլ, երբ ՀԱԿ որոշ անդամների` ԱԺ պատգամավոր դառնալու արդյունքում Կոնգրեսի ցուցակով ավագանի դարձած Ռուբեն Թորոսյանը փորձեց եթե ոչ կատաղի, համենայնդեպս` որոշակի դիմադրություն ցույց տալ այդ նույն իշխանությունների «հանցավոր գործարքներին», Կոնգրեսում, չգիտես ինչու, դա սվիններով ընդունվեց, եւ անմիջապես շեշտվեց, որ Ռուբեն Թորոսյանը բացառապես սեփական անձն է ներկայացնում եւ ոչ Կոնգրեսը: Մինչդեռ այդ ընթացքում պաշտոնավարում էր հենց նույն Տարոն Մարգարյանը` իր  միլիոններով ու դղյակներով հանդերձ, որոնց` հայտարարագրում հայտնվելուց հետո Կոնգրեսն այդքան  վրդովվել էր: Եվ ընդ որում, զարմանալի է, թե ինչ փաստերի մասին է խոսում Զուրաբյանը, ի վերջո` հրապարակված պաշտոնական հայտարարագիրը, որը հասանելի է բոլորին, դժվար է կոչել փաստերի վերհանում: Իսկ իրականում Կոնգրեսը պարտվեց սեփական «ինքնասիրահարվածության» պատճառով, որը, սակայն, դատելով Զուրաբյանի  հայտարարություններից, առաջիկայում եւս, ցավոք,  թուլանալու միտում չունի:




Լրահոս