Հանրապետականը կառույց է, որից չեն նեղանում. անձա՛նց նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեմ. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» կառավարչից պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը:

Հայցի մասին մանրամասներ պարզելու համար «Իրավունքը» դիմեց «Հրազդան» մարզադաշտի եւ տոնավաճառի սեփականատեր, ազատամարտի մասնակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ում կարծիքով՝ վերոնշյալը աղբահանման գումարների հետ է կապված.

-Ճիշտն ասած, չեմ էլ ճշտել, կարող է այդպիսի վիճակ լինել, որովհետեւ որ կազմակերպությանը գումար չունենալու պատճառով պարտք ենք մնացել, բնականաբար, պետք է դատարան տար: Բայց դա չի կարող 9 մլն դրամ լինել, որովհետեւ այդպես եմ կարծում:

-Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում Ձեր դեմ ուղղված այս խնդիրների լուծումը:

-Մի բարդացրեք, ոչ մի բան էլ իմ դեմ չի ուղղված: Ուղղակի Հարկային տեսչության կարծիքով՝ մենք սխալներ ենք թույլ տվել, որը վիճարկվում է դատարանում: Հիմա փորձում ենք առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ ընդգրկված կլինի բոլոր պարտքերի մարումը:

-Այսինքն՝ կարող ենք ասել, որ շուտով պարոն Աղաբաբյանը ոտքի՞ կկանգնի:

-Ես էլի ոտքի կանգնած եմ, ինչի՞ է ձեզ թվում, որ ոտքի կանգնած չեմ:

-Որովհետեւ լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք նեղացած եք Հանրապետականից:

-Հանրապետականը կառույց է, որից չեն նեղանում: Ի՞նչ կապ ունի կառույցը «Հրազդան» մարզադաշտի աշխատանքների հետ: Այնպես որ, նեղացածություն ես չունեմ, ուրիշ բան է, որ անձեր կան, որոնց նկատմամբ ունեմ որոշակի վերաբերմունքներ՝ եւ դրական, եւ բացասական:

-Դրանո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում չեք մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

-Զբաղված եմ առողջացման ծրագիրը կազմակերպելով, որովհետեւ, ի վերջո, ասում ենք սեփականություն է, բայց տուն տանելու բան չի, «Հրազդանը» սպասարկում է մեր ժողովրդին, եւ ինչ խոսք, իմ սիրտը ցանում է դրա համար: Կառույցին պետք են ֆինանսական ներարկումներ, որ գոնե ընթացիկ աշխատանքները կարողանա ապահովել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս