Ստեփանավանի քաղաքապետարանը բենզին է ձեռք բերել շուկայականից թանկ գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա համար ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանի գնումները կազմել են մոտ 324 մլն դրամ:

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղապետարանը այս տարվա փետրվարի 22-ին ներկայացրել է 2016 թվականի գնումների՝ արդեն փոփոխված ցանկը: Ըստ այդմ, Ստեփանավանի քաղաքապետարանը ավելի քան 10.5 մլն դրամ հատկացրել է քաղաքապետարանի համար անհրաժեշտ ապրանքների գնման համար: Այս գումարից 2 մլն դրամ հատկացվել է 1 ավիատոմս գնելու համար, մոտ 7 մլն դրամ էլ հատկացվել է տրանսպորտային նյութեր ձեռք բերելու նպատակով: Դրանց մեջ մտնում են նաեւ «Նիվա» մակնիշի մեքենայի համար նախատեսված ավտոպահեստամասեր, մասնավորապես՝ մարտկոցներ (38 հազար դրամ), 4 հատ համասեզոնային անվադողեր (120 հազար դրամ) եւ այլն: Կարճ ասած՝ «Նիվա» մակնիշի մեքենայի պահպանման եւ տեխնիկական խնդիրները լուծելու նպատակով Ստեփանավանի քաղաքապետարանը հատկացրել է 470 հազար դրամ:

Սակայն քաղաքապետարանի գնումների ցանկում ուշագրավն այն է, որ գնվել է 10 200 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, եւ լիտրի դիմաց վճարվել է 430 դրամ: Եւ սա այն դեպքում, երբ ավելի քան 10 օր է, ինչ 1 լիտր ռեգուլյար բենզինը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 380 դրամով: Իսկ տարեսկզբին այն վաճառվում էր 390 դրամով: Նշենք, որ գրեթե բոլոր պետական գերատեսչությունները բենզինի գնման գործընթացում թույլ են տվել նման գերավճարներ` բենզինը ձեռք բերելով շուկայականից զգալի թանկ գնով: Այստեղ կասկածելի է՝ արդյոք փաստաթղթում նշված գնով է քաղաքապետարանը գնել բենզինը: Գուցե՞ միայն այդպես է նշված, իսկ իրենք գնել են ավելի էժան գնով: Հուսանք, որ մեր բազմաթիվ հրապարակումներից հետո պատկան կառույցները կսկսեն վերահսկել մարզային օղակներում իրականացվող գնումները:

Իսկ մինչ այդ կրկին անդրադառնանք Ստեփանավանի քաղաքապետարանի գնումներին. 360 հազար դրամ հատկացվել է կենցաղային եւ հանրային սննդի նյութեր ձեռք բերելուն: Օրինակ՝ գնվել է լվացքի փոշի, ձեռքի օճառ, զուգարանի թուղթ եւ այլն: Միաժամանակ նշենք, որ Ստեփանավանի քաղաքապետարանի կոմունալ վարձերը կազմել են ավելի քան 8.5 մլն դրամ, որից 4 մլն դրամը էլեկտրաէներգիայի ծախսն է եղել, 2 մլն 600 հազար դրամը՝ գազի, 530 հազար դրամը՝ ջրի, 1 մլն 422 հազար դրամ՝ կապի:

Քաղաքի բյուջեից 14 մլն դրամ նախատեսված է փողոցների փոսային վերանորոգման եւ եզրաքարերի ուղղման համար: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Ստեփանավանի քաղաքապետարանը այս տարվա համար նախատեսել է գնել մոտ 520 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ, այդ թվում նաեւ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ: Իսկ 2016 թվականի Ամանորի միջոցառման համար Ստեփանավանի բյուջեից հատկացվելու է 4 մլն դրամ: Նշենք, որ համայնքի տարածքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու ծախսերն էլ կազմել են 52.5 մլն դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս