Մեկնարկում է «Կանայք կարող են ավելին» սոցիալական արշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա, ինչպես նաև կանանց միամսյակի առթիվ իրականացվող բազմաթիվ միջոցառումներին ի հավելումն, ներկայացնում է «Կանայք կարող են ավելին» խորագրով սոցիալական նախագիծը:

Նախագծի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնել ու արժևորել կանանց գործունեությունը, որը մեծ դեր ու նշանակություն ունի ինչպես Երևան քաղաքի զարգացման, այնպես էլ մեր հասարակության կյանքի բնականոն ընթացքի ապահովման գործում:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող սոցիալական ակցիային մասնակցել են տարբեր մասնագիտություններ ունեցող կանայք և աղջիկներ, ովքեր որևէ ասպարեզում իրենց հմտություններն  ու տաղանդը զարգացնելու և ինքնադրսևորվելու հնարավորություն են ունեցել: Նրանցից ամեն մեկը ներկայացնում է կնոջ գործունեության նկատմամբ հասարակության վերաբերմունքի կարևորությունը՝ միաժամանակ հանդես գալով որպես կանանց հավաքական կերպար:

Սոցիալական ակցիայի լուսանկարները, որոնք այսօրվանից փակցվելու են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված վահանակներին, հիշեցնելու են այն մասին, որ կանանց տոնը ոչ միայն ծաղիկներ նվիրելու և գեղեցկության մասին բարձրաձայնելու առիթ է, այլև կանանց նկատմամբ հանրային վերաբերմունքը վերանայելու,վերջինների ներուժն ու գիտելիքը, ըստ արժանվույն, գնահատելու հնարավորություն:

Սոցիալական ակցիային մասնակցել են ինչպես արվեստի և սպորտի բնագավառների, այնպես էլ գիտության ու հանրային կյանքի կարևոր ոլորտներ ներկայացնող կանայք և աղջիկներ:




Լրահոս