Գալուստ Սահակյանն ամբողջությամբ չի ապաքինվել. առաջիկա քառօրյային ևս չի մասնակցի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկող երկուշաբթի մեկնարկող քառօրյային եւս չի մասնակցի: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սահակյանը տեղափոխվել էր Մխիթար Հերացու անվան ՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության անցողիկ խանգարում: Մոտ մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվեց:

Վերջին` փետրվարի 25-ին ավարտված ԱԺ քառօրյայից հետո հայտարարվեց, որ Սահակյանի առողջական վիճակը լավացել է, եւ բժիշկներն անգամ թույլատրել են աշխատանքի գնալ: Սակայն նա մինչ օրս ԱԺ չի հաճախում (մի անգամ նրան ԱԺ այգում են տեսել եւ վերջ), ինչը ենթադրում է, որ առնվազն դեռ չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել: Առաջիկա քառօրյային Սահակյանի մասնակցել-չմասնակցելու մասին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ասաց. «Մինչեւ ամսի 14-ը կիմանանք, կմասնակցի, թե ոչ, այդ օրը պարզ կլինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս