«Թռիչքների անվտանգություն» խորհրդատվավերլուծական միջազգային գործակալության կայքում հրապարակվել է Դոնի Ռոստովում կործանված «Boeing 737»-ի անձնակազմի և դիսպետչերների բանակցությունների վերծանումը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ձայնագրության վերծանման համաձայն՝ բանակցություններն ընթացել են նորմալ ռեժիմով, անձնակազմը ինքնաթիռում որևէ խնդրի մասին չի հայտնել:
Ինքնաթիռի օդաչուն հարցրել է եղանակային պայմանների մասին, ի պատասխան որի՝ դիսպետչերը նախազգուշացրել է անձնակազմին ուժգին քամու, 6 կմ տեսանելիության, ուժգին անձրևի և տուրբուլենտային գոտում հայտնվելու վտանգի մասին:
Ընդ որում, այդ ժամանակ դիսպետչերը հավելել է, որ քամու ուղղության փոփոխման մասին նախազգուշացումներ չկան:
Բանակցություններն ավարտվում են նրանով, որ օդաչուն հայտնում է երկրորդ շրջան անցնելու որոշման մասին: «Անցնում եմ երկրորդ շրջան, Sky Dubai 981»,-ասել է նա:
Ավելի վաղ FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Հայս Ալ-Հայսը հայտարարել էր, որ ինքնաթիռի օդաչուն վտանգի մասին ազդանշաններ չի տվել: