Գյումրիում դանակահարված բժիշկն արդեն դուրս է գրվել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, իր տան մոտ երկու դիմակավորված անձինք հարձակվել եւ դանակահարել էին Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների՝ բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անձնական հողի վրա:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բժշկի դստեր՝ Ելենա Ասատրյանի հետ. «Վստահեցնում եմ Ձեզ, որ իմ հայրիկը թշնամիներ չունի: Ավելին՝ նշեմ, որ կատարվածը անձնական հողի ու մասնագիտական գործունեության հետ էլ չի կարող կապ ունենել, որովհետեւ իմ հայրը շատ բարի մարդ է, որ հարցնեք մարդկանց, կտեսնենք, բոլորն էլ դա կհաստատեն »:

Ելենա Աստրյանի խոսքով՝ իր հայրիկի վրա հարձակվել են գողության նպատակով. «Այլ բան չի կարող լինել: Երբ հարձակվել են հայրիկիս վրա, նա օգնություն է կանչել, ու մայրիկիս գոռոցների օգնության կանչի վրա հանցագործները փախել են: Ես այդ ժամանակ տանը չեմ եղել: Հայրիկս մեզ ասել է, որ հանցագործները ոչ մի բառ չեն ասել իրեն եւ քանի որ դիմակավորված են եղել, չի կարողացել ճանաչել»:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ իրավապահները տարածքում հսկողություն են իրականացնում եւ բոլոր քայլերն անում են՝ կատարվածը բացահայտելու համար. «Հայրիկիս տեղափոխել ենք տուն: Դե, հիմա ցավեր ունի, բայց դա ժամանակի ընթացքում կանցնի»:

Այս պատմության մեջ զարմանալին ավազակային հարձակում իրականացնողների կողմից ընտրված գործողության ժամն էր: Ի վերջո, այդ ժամին շատերը կարող էին կատարվածի ականատեսը լինել:

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Քնար Մանուկյան




Լրահոս