ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե լինի կողմերի համաձայնությունը: Եթե հայկական կողմը նպատակահարմար չգտավ, ուրեմն ձևաչափը չի փոխվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մեդիա կենտրոն»ում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտ է, որ Բաքվին միայն մեկ միջնորդ է ձեռք տալիս` Թուրքիան: Ադրբեջանը դրան հասնելու համար փորձում է օգտագործել Գերմանիան, Իրանը: Թուրքիայի դեպքում Հայաստանը միշտ դեմ է եղել: Հայտնի է, որ նրա մոտեցումները չեն տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումներից»,ասաց Շավարշ Քոչարյանը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով, համանախագահների հայտարարություններում շեշտադրման փոփոխություն է նկատվում: Ըստ նրա` միշտ հավասարության նշան է դրվել, սակայն վերջին շրջանում դա չի արվում: Գնալով նրանց հայտարարություններում երևում է, որ դրանք հասցեական են: Այն, որ Ադրբեջանը ԵԱՀԿ համանախագահներին անվանեց սադրիչներ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունից հետո, շնորհակալություն հայտնեց Քերիին միջնորդության համար: Դա ենթադրում է, որ Ադրբեջանն իր քննադատության սլաքը ԱՄՆից շեղեց:
Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ` ժամանակին բանակցելով Ստեփանակերտի հետ: «Այսօր ձևացնում է, թե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, և դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալ բանակցային գործընթացի: Այն ժամանակ, երբ Բաքուն բանակցային կողմ կընդունի Լեռնային Ղարաբաղը, պարզ կլինի, որ Ադրբեջանը գործընթացում առաջընթաց է ցանկանում»,հավելեց Շավարշ Քոչարյանը: