Ինչպես գիտենք՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ուսումնական նռնակ էր նետվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքից երեք օր անց ձերբակալվեց Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը: Վերջինս իրավապահներին խոստովանել էր, որ ինքն է կատարել այդ արարքը:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Վերջին բուժումը նա ստացել է 2015 թվականին: Իսկ ինչու էր երիտասարդ տղան որոշել չպայթող նռնակ նետել Քոչարյանի տան ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Հովաննես Մուրադյանի մտերիմների հետ` պարզելու այս հարցի պատասխանը: Մեզ պատմեցին, որ Հովհաննեսը առողջական խնդիրներ ունի եւ մինչ ձերբակալության օրը խոսել է այն մասին, որ պաշտոնյաները ցանկանում են իրեն սպանել. «Նա ասում էր, որ ինքը գող է, իսկ իր թիկունքին օրենքով գող Դեդ Հասանն է», նույն ինքը` Ասլան Ուսոյանը, որը 2013 թվականին սպանվել է Ռուսաստանի Դաշնությունում:
Հովհաննես Մուրադյանի մտերիմների խոսքով՝ վերջինս միշտ իր շրջապատում ասել է, որ իր հիվանդությունը առաջացել է բանակում: Նա ասել է, թե ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում իր հետ ծառայել է Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկը եւ ծեծել, ինչից հետո նա ձեռք է բերել իր հիվանդությունը: Տեղեկացանք նաեւ, որ նա նույնիսկ ցուցմունք է տվել, որտեղ պատմել է, որ Սերժ Սարգսյանին շատ է սիրում, նրա հետ մտերիմ է, իսկ մեր երկրի այսօրվա վիճակի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է:
Տեղեկացնենք, որ ըստ մեր աղբյուրների՝ երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե որտեղից է նա գտել ուսուցողական նռնակը, Հովհաննես Մուրադյանը պատասխանել է, որ այն իրենց տանն էր: Պարզվում է` Հովհաննես Մուրադյանի հայրը նախկինում աշխատել է գործարաններից մեկում, եւ նրանց տանը 80-ականների ուսումնական այդ նռնակը շատ վաղուց է եղել:
Տղայի մտերիմներից տեղեկացանք, որ նա ոչ թե տաքսու վարորդ է, այլ երբեմն իր հորից վերցնում է ընտանեկան մեքենան ու ասում, թե ցանկանում է վարել այն, սակայն, ըստ էության, որպես տաքսի է օգտագործել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հովհաննեսը դեպքի օրը, վերցնելով մեքենան, ասել է, թե գնում է ընկերներին տեսնելու, սակայն չպայթող սարքով պայթյուն է ծրագրել: Հարազատները կատարվածից շատ զարմացած են, նշում են, որ նա առողջական խնդիրներ ունի, եւ իրենք իրավապահներին են ներկայացրել երիտասարդի առողջական վիճակը հաստատող փաստաթղթերը: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունից պարզ կլինի` Հովաննես Մուրադյանը ունի առողջական խնդիր, թե ոչ:
Ի դեպ, իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուների փոխանցմամբ՝ այսօր միջնորդություն կներկայացվի, որպեսզի Հովհաննես Մուրադյանին տեղափոխեն հոգեբուժական կլինիկա:
Թե ինչ է պատմում երիտասարդի հայրը` Սերգեյ Մուրադյանը, դիտեք ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան