Խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող Արմինե Մանուկյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2010թ. հուլիս ամսին՝ չարաշահելով Ե. Փարսադանյանի վստահությունը փաստաբանական ծառայություններ իրականացնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 2567670 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլլար գումար, սակայն ոչ մի գործողություն չկատարելով հափշտակել է նշված գումարը՝ պատճառելով Փարսադանյանին խոշոր չափերի նյութական վնաս:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի վարույթ ընդունված գործի վերաբերյալ այսպես է բառացի նշվում “Դատալեքս” տեղեկատվական համակարգում զետեղված համառոտ մեղադրական եզրակացության մեջ:
“Փաստինֆո” գործակալությունը արձագանքներ ստացավ փաստաբան գործընկերների կողմից, ովքեր նշում էին, որ հիշյալ անձը բնավ փաստաբան չէ: Պարզվեց, որ Ա.Մանուկյանը նախկինում է եղել փաստաբան, սակայն հետագայում զրկվել է փաստաբանական արտոնագրից, սակայն որոշ դեպքերում շարունակել է հանդես գալ որպես փաստաբան։ Այսինքն՝ չարաշահել է իր նախկին կարգավիճակը, մոլորության մեջ գցել փաստաբանական ծառայության կարիք ունեցող անձանց և վերցրել գումարներ։
Հայցում ենք փաստաբանների ներողամտությունը Ա.Մանուկյանին որպես գործող փաստաբան ներկայացնելու համար։