Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 27-ին ընդունեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն ինքնաբուխ կերպով նախաձեռնել և կազմակերպել էին Արցախին աջակցելու ծրագիր:
Հանդիպմանն աշակերտական խորհրդի նախագահ Նաիրի Նաջարյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ դպրոցի բոլոր 322 աշակերտները միահամուռ կերպով մասնակցել են այս նախաձեռնությանը` որոշակի գումար հավաքագրելով ի զորակցություն Արցախի ժողովրդի և հայ զինվորի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքն ու սերը բերելով աշակերտներին, նշեց, որ հպարտության մեծ զգացում է ապրում` տեսնելով պատանիների արիության անպարտ ոգին ու հայրենասիրական աննկուն եռանդը: Հայոց Հովվապետն առավել կարևորեց աշակերտության գիտակցությունն ու նախանձախնդրությունը, որոնք խոսուն վկայությունն են նրանց` առ հայրենիքն ունեցած սիրո:
Գարեգին Բ Կաթողիկոսը փաստեց, որ հենց այսպիսի ոգի ունեցող զավակների շնորհիվ է հայ ժողովրդի պատմությունը մշտապես հաղթանակներով պսակվել: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս օրերին, երբ թշնամին տմարդի, խարդավանքներով լի ռազմական գործողություններ է նախաձեռնում` փորձելով խախտել անդորրը հայ ժողովրդի և հայոց սահմանների, հայորդիներն իրենց հայրենապաշտ ոգով դարձյալ արժանի հակահարված կտան, որպեսզի թշնամին այլևս երբեք չհամարձակվի ոտնձգություն անել հայ ժողովրդի ստեղծագործ ու խաղաղ կյանքի հանդեպ:
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: