Մանրամասներ Վարդենիսի ողբերգական դեպքից. այդ վայրում հաճախ են ավտովթարներ տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով 6 անձ է մահացել:

Նրանցից 3-ը` Սուրեն Գրիգորյանը, վերջինիս կինը` Մարգարիտա Ավետիսյանը և նրանց 10-ամսական երեխան` Նարինե Գրիգորյանը, նույն ավտոմեքենայում են եղել: Նրանց հետ էր նաև 2-ամյա Հասմիկը, ով գլխուղեղի վնասվածքով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ:

Մյուս մահացածները ընկերներ էին` Հայկ Մարտիրոսյանը, Ատոմ Նալբանդյանն ու Մհեր Խաչատրյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը հայտնեց, որ վայրում, որտեղ տեղի է ունեցել ավտովթարը, հաճախ են նման դեպքեր պատահում: Մեր զրուցակցի փոխանցմամբ` պատճառը լուսավորության պակասն է. «Այդտեղը շատ վատ տեղ է: Այս դեպքի մանրամասներն էլ դեռևս չգիտենք: Քննությունը կպարզի` ով է մեղավորը»:

Իսկ Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մահացած Մարգարիտա Ավետիսյանը իրենց գյուղի բնակիչ էր, ամուսինը` Էջմիածնի. «Գիշերվա ուշ ժամի է եղել դեպքը, երկու մեքենա իրար հանդիպել են, բախվել, ու նման ողբերգություն է տեղի ունեցել»,- հավելեց համայնքապետը:

ArmLur.am-ին կատարվածի շուրջ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, մեզ հասած տեղեկություններով, դեպքի օրը Մհեր Խաչատրյանի ծննդյան օրն էր: Նա և իր երկու ընկերները` Հայկ Մարտիրոսյանն ու Ատոմ Նալբանդյանը, ծննդյան տարեդարձը նշելու հետո վերադառնալիս են եղել տուն: Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը:

Հավելենք, որ ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:




Լրահոս