Ազգային ժողովն այժմ քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքով սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը 2017 թվականից երկարաձգել մինչև 2018 թվական:
Հիմնական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է, ով նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` նախատեսվում է հարկային օրենսդրության էական փոփոխություններն ավարտին հասցնել 2017թ. վերջին, ինչից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: