Արտաքին պարտքից շատ վախենալ պետք չէ, այն բոբո չէ, բայց այն ցուցանիշները, որոնք կան, մտահոգիչ են: ԱԺ մշտական հանձնաժողովում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կողմից բերված այն ցուցանիշներին, ըստ որոնց Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց՝ տնտեսական ո՞ր ցուցանիշներն են բացասական ազդեցություն ունեցել նախորդ տարվա բյուջեի կատարողականի վրա, ինչին ի պատասխան Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի կատարողականի վրա բացասական ազդեցություն են ունեցել հատկապես մասնավոր տրանսֆերտների կրճատումը, ներդրումների կրճատումը, բնակչության տնօրինվող եկամուտները:
Պատգամավորը նաև հարցրեց՝ ինչպիսի՞ բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ջանջուղազյանն էլ նշեց, որ չի տիրապետում ցուցանիշներին, չի կարող գնահատել՝ բացասական է ազդեցությունը, թե՝ դրական: