Երբ հետեւում ենք, թե ինչպես են ՀՀ իշխանություններն «ազատականացնում» Հայաստանի շուկան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ կա՛մ որոշել են մի լավ զվարճանալ, կա՛մ էլ դպրոցականի մակարդակով են տիրապետում մեր տնտեսության կառուցվածքին:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս անցած չորեքշաբթի խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ներկրման ոլորտում ոչ մի մենաշնորհ չկա, եւ ով ինչ ցանկանա, կարող է ներմուծել: Բնականաբար, հանրության շրջանում այս հայտարարությունը ընդունվեց իբրեւ թարմ անեկդոտ, նույնիսկ իշխանական պատգամավորները սկսեցին այդ թեմայով իրար մեջ կատակել: Հասկանալի է, չէ՞, որ ՀՀ կառավարությունը գործնական քայլերով պետք է ապացուցի, որ իր հայտարարությունը լուրջ է: Իսկ թե ինչ է անում գործադիրը, որպեսզի մարդիկ իր ասածներին լուրջ վերաբերվեն, երեկ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում:
Նախարարը հայտարարեց, որ տասն ապրանքախմբերի համար, այն է՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին եւ դիզելային վառելիք, տեղեկատվական հուշաթերթեր են մշակել, որոնք մինչեւ շաբաթվա վերջ կտեղադրեն իրենց կայքում: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունում ցանկանում են գործարարներին բացատրել, թե ինչպես կարելի է շաքարավազ, բենզին կամ ցորեն ներկրել:
Մի փոքր «սպրավչկա» կառավարության անդամների համար՝
նախ ամենակարեւորը՝ ցանկացած ապրանքատեսակ ներկրելու համար, առավել եւս ցորեն, շաքարավազ կամ բենզին, անհրաժեշտ է մի քանի հարյուրից մինչեւ մի քանի միլիոն դոլար: Ուստի շարքային որեւէ քաղաքացի, անգամ հուշաթերթիկի բոլոր կանոնները պահպանելու դեպքում, չի կարող այդ ապրանքատեսակների ներկրմամբ զբաղվել: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում խիստ որոշակի գործարարներ կան, որոնք կարող են մեկ միլիոն դոլար ներդնել` նոր գործ սկսելու համար: Որքե՞ր են նրանք, հեռու չպետք է փնտրել. բոլորի անունները գրված են խոշոր հարկատուների ցուցակի առաջին հարյուրում:
«Սպրավոչկա» երկրորդ՝
երբ մարդիկ ասում են, որ ներկրման ոլորտը մենաշնորհի է ենթարկված, դա չի նշանակում, որ ով, օրինակ, բանան է փորձում ներկրել, Միհրան Պողոսյանը նրան ճակատից գնդակահարում է, կամ Բարսեղ Բեգլարյանը բենզին ներկրողին շքամուտքում բռնում ու ջարդը տալիս է: Ամենեւին ոչ: Ավելին՝ օլիգարխներն իրենց մրցակիցներին «հեռացնելու» գործընթացին չեն էլ միջամտում, այդ խնդիրը լուծվում է պետության բարձր հովանավորությամբ` ինքնաբերաբար: Օրինակ՝ եթե որեւէ մեկը բենզին է ներկրում, օրենքով սահմանված կարգով նրա բենզինից փորձանմուշ է վերցվում, մինչեւ փորձաքննության արդյունքները կստացվեն, մեկ-երկու փաստաթղթերի հետ կապված էլ «հարցեր» են ծագում, արդյունքում՝ նրա ապրանքը 15-20 օր մնում է մաքսային պահեստում, ինչի համար գործարարը պարտավոր է վճարել պահեստին: Ու քանի որ բենզինը ցնդելու հատկություն ունի, այդ ընթացքում պակասում է, շաքարավազը` քարանալու, ցորենը` խոնավությունից բորբոսնելու կամ որդնելու, բանանը` ժամանակից շուտ դեղնելու հատկություն ունեն, բնականաբար, մեկ շաբաթից ավել մաքսային պահեստներում մնալուց հետո փչանում են, կորցնում ապրանքային տեսքն ու որակը: Ու եթե գործարարը մեկ միլիոն դոլար է ներդրել, որպեսզի, օրինակ, 50 հազար դոլար եկամուտ ստանա, ոչ միայն չի ունենում, այլ եթե 0:0 է դուրս գալիս, գոհ ու շնորհակալ պետք է հեռանա ոլորտից: Հասկանալի է, չէ՞, որ նա հաջորդ անգամ նման «ղալաթ» չի անի: Եթե համառի եւ երկրորդ անգամ փորձի «արգելված տարածք» ներխուժել, ապա նրան արդեն ծանր ճակատագիր կսպառնա: Տվյալ ապրանքատեսակի մենաշնորհ ունեցող գործարարը պարզապես գների կտրուկ իջեցում կարող է անել, գործարարը մնա փաստի առաջ:
Կառավարության անդամներին հիշեցնենք, որ այդ երեույթը կոչվում է դեյպինգ, որը ՀՀ օրենսդրությամբ արգելված է, եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կարող է տվյալ ընկերությանը տուգանել: Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն կարող է չարաճճի մոնոպոլիստին եւս տուգանել, բայց 5 կամ 10 միլիոն դրամ ընդամենը, բայց դրանից ոչինչ չի կարող փոխվել սնանկացած գործարարի ճակատագրում:
Այնպես որ, ՀՀ կառավարության անդամները ավելի լավ կլինի՝ ասեն, թե իրենք ինչպես են երաշխավորում, որ մինչ այժմ գործող պայմանավորվածությունները խախտած գործարարները վերը նկարագրված ճակատագրին չեն արժանանա, եթե հաշվի առնենք, որ մոնոպոլիստները նույն այդ կառավարության անդամների ընկերներն ու հարազատներն են: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն արդյոք գործարարներին խոստանում է պաշտպանել հենց իրենցից: Եթե որեւէ գործարար հանկարծ միամտություն ունենա եւ կառավարությանը հավատալով՝ սնանկանա, ապա գործադիրի անդամներից ո՞վ է խոստանում մարել պարտքերը: Այս հարցերի պատասխանը հնչեցնելուց հետո միգուցե Հայաստանի գործարար դաշտում նման համարձակներ գտնվեն, որոնք կվտանգեն իրենց կարողությունը` տարիներ շարունակ իրենց խաբած եւ կեղեքած իշխանությունների խոսքի լրջությունը հասկանալու համար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ
Երեկ ՀՀ կառավարության նիստին միանգամից մի քանի նախարարներ չէին մասնակցում: Մասնավորապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրանց փոխարինում էին իրենց տեղակալները: Այսինքն՝ կառավարության անդամների մոտ կեսը «անհետացել» էր: Բացառված չէ, որ նախարարներն ականջալուր են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը եւ որոշել են խնայել պետբյուջեի միջոցները եւ բենզին չեն ծախսել` կառավարություն հասնելու համար: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս կառավարության նիստից բացակայում էին:
«ՆԻՍԻԱՅՈՎ» ՏՆՏԵՍԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը փորձեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից պարզել, թե կոնկրետ ինչ միջոցներ է նա ձեռնարկել իր ղեկավարած գերատեսչության կողմից պետբյուջեի ծախսերը կրճատելու համար: «Իհարկե, մենք գնացել ենք խնայողության: Մենք խնայողության գնացել ենք դեռեւս 2015 թվականին, քանի որ տնտեսումներ ենք արել, եւ տնտեսումները ամբողջությամբ ուղղվել է պետական բյուջե»,- պատասխանեց Լոռու մարզպետը: Հարցին, թե կոնկրետ որքան գումար եք տնտեսել, Նալբանդյանը պատասխանեց. «Մարզպետարանի պահպանման ծախսերի համար տրվում է որոշակի գումար: 2015 թվականին 8,5 միլիոն դրամի տնտեսում ենք արել եւ ուղղել պետբյուջե»:
ԵՎՍ ՄԵԿ՝ ԿՆՈՋ ՊԱՀԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դրամական միջոցներն, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 55 հազար դոլար եւ 32 մլն դրամ: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմել է 550 հազար դրամ: Իսկ նրա տիկնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարեսկզբին եղել են 370 մլն դրամ, որը տարեվերջին մնացել է 12 մլն դրամ: Պատգամավորի տիկինը տարեսկզբին ունեցել է նաեւ 40 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 850 հազար դոլար: Տիկին Շամրիկը որպես եկամուտ հայտարարագրել է 12 մլն 900 հազար դրամի շահաբաժինը: Այլ կերպ ասած՝ Հարություն Ղարագյոզյանի կինը եւս մնացած պաշտոնյաների կանանց պես ամուսնուց հարուստ է: Ստացվում է, որ այն ժամանակ, երբ Ղարագյոզյանը խորհրդարանում ժամանակ է անցկացնում, նրա կինը բիզնեսով է զբաղվում, որ «տունը պահի»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՐՃԱՏԵԼ ԵՆ
Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը երեկ լրագրողներին ասել է, որ նախարարության 145 մեքենաներից 41-ը կրճատել են, դրանց թվում եղել են չշահագործվողները: Թե որքա՞ն են դրա արդյունքում խնայել, նախարարը չի մանրամասնել: Աշխատատեղերի կրճատումների վերաբերյալ էլ ասել է, թե դեռ ոչ ոքի չեն կրճատել. «Խնդիր դրված չէ կրճատում անել, խնդիրը վերաբերում է գործառույթներին, դրանց կրկնողություններին, եթե կան բացեր՝ դրանց շրջանակներում օպտիմալացմանը»:
ՉԻ ՉԵՂԱՐԿՎԻ
Հայաստանը ԵԱՀԿ համանախագահների հետ անում է ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն Վիեննայում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Հարցին, եթե առաջընթաց չլինի, հնարավո՞ր է՝ հունիսին նախատեսված Ալիեւ-Սարգսյան հանդիպումը չկայանա, Նազարյանն ասել է, թե չի ցանկանում հավատալ, որ այդ գործընթացը կարող է չեղարկվել. «Որքանով ես եմ տեղյակ, պայմանավորածությունը հստակ է: Մի բան է, որ Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, եւ պետք է անել ամեն ինչ` ի կատար ածելու համար»:
ԱՆՊԱՏՐԱՍՏ ԷԻՆՔ
«Ակնհայտ է, որ բուն հարձակման պահին հարձակման մասին նախնական տեղեկատվություն չի եղել, կամ պատրաստվածություն չի եղել: Դա խնդրի մի կողմն է, իսկ ընդհանուր առմամբ մեր զինված ուժերը հասցրել են պատշաճ ձեւով արձագանքել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարողացել են արձագանքել իրավիճակին եւ այն պլանը, որն ունեցել է Ադրբեջանը, կասեցվել է: Պարզ է նաեւ, որ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան մարտավարական, ռազմավարական խնդիրներ, որոնց պետք է համապատասխան արձագանք տրվի»,-Armlur.am-ին ասել է օրերս Ղարաբաղից վերադարձած Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վարչապետի նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարին` Փաշինյանը նկատել է. «Ո՞վ պայքարի կոռուպցիայի դեմ: Ովքեր որ հայտարարում են, որ պետք է պայքարեն, իրենք պետք է պատասխանեն մեկ այլ հարցի` իրենք իրենց կոռումպացված համարո՞ւմ են»:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների: Քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Սահակյանը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորը այդ խնդիրների լուծման ուղղությամբ, եւ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: