«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր 2014 թվականի ապրիլի 30-ից, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշեց հրաժեշտ տալ իր պաշտոնին, որպեսզի ազատ կարողանա ընդդիմադիր կեցվածք ընդունել: Սերժ Սարգսյանի այս մի նշանակումը եւս կարելի է որակել իբրեւ իշխանության երիտթեւի օգտին արված քայլ: Իշխանության երիտթեւի ստվերային ղեկավար ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին:
Արմեն Գեւորգյանը 2008-ից մինչեւ 2014 թվականը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը: Նույնիսկ նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Արմեն Գեւորգյանը համարվում է իշխանության երիտթեւի վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում այս լուրերը մի տեսակ մոռացության էին մատնվել, սակայն ներկա իրավիճակում դրանք փաստացի սկսում են իրականություն դառնալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: