Նախախորհրդարանը հետաձգել է սեպտեմբերի 26-ին նախանշված հանրահավաքը: Շարժման տարածած հայտարարության մեջ ասվում է. “Նախախորհդարանը ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին:
Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը:
Նախախորհրդարանը մեր ժողովրդին տեղեկացնում է, որ իրազեկման խնդիրը մոտակա ժամանակահատվածում կլուծվի տեղեկատվական եւ այլ միջոցներով, իսկ կազմակերպչական աշխատանքը կկատարվի աջակիցների ցանցի ընդլայնման ու ամրապնդման, ինչպես նաեւ առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների (Արդարության ատյան, Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով,
Հիմնադիր խորհրդարան եւ այլն) ստեղծման ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, նախապես հայտարարված պլանին համապատասխան, ս.թ. հոկտեմբերի սկզբից Նախախորհրդարանն սկսում է ապագա Հայաստանի տեսլականի` Նոր որակի հայկական պետության ձեւավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի, մաս առ մաս հրապարակային ներկայացման ու մասնագիտական քննարկման աշխատանքը:
Նախախորհրդարանը հետեւում է իրավիճակի զարգացումներին եւ հանրահավաքի ձեւաչափով ներկայանալու անհրաժեշտության դեպքում կիրազեկի մեր ժողովրդին ու կանցկացնի իր հերթական հանրահավաքը”,- նշվում է հայտարարության մեջ: