“Ռադիո Հայ” ՍՊԸ-ն գործադուլ է հայտարարել եւ արգելել ՊԵԿ-ի ստուգումները: “Ռադիո Հայ” ՍՊԸ խմբագրության տարածած հայտարարության մեջ ասվում է.
“ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ։ Այդ կապակցությամբ, ս․թ․ սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահն արձակել է հանձնարարագիր` համաձայն որի “Ռադիո Հայ” ՍՊԸ-ում եւ ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրում։ Ընդ որում, “Ռադիո Հայ” ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 2009թ. հունվարի 1-ից:
Քանի որ այդ հանձնարարագրում կոնկրետ նշված չէր ռադիոկայանի գործունեությանը վերաբերվող առարկան եւ նրա չափագրման եղանակը, ռադիոկայանի տնօրինությունը օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրության իրականացումը։ Ռադիոկայանի աշխատակազմը գտնում է, որ պետեկամուտների կոմիտեի գործողությունները անօրինական են, հանդիսանում են միջամտության փորձ անկախ ԶԼՄ-ի աշխատանքին եւ ուղղված են Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանը։
Այդ կապակցությամբ, ի նշան բողոքի, ռադիոկայանի աշխատակազմը մինչեւ ս․ թ․ հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ։ Ամեն աշխատանքային օր, ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի “Ռադիո Հայ” ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին` կիրականացվի ավտոմատացված եղանակով”։