ՀՀ-ԻՆ «ԳՐԿԱԲԱՑ» ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԵՎ ՄՄ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին Սերժ Սարգսյանը բավական անկեղծ էր խոսում, երբ հայտարարում էր, թե Մաքսային միությունում Հայաստանին գրկաբաց չեն սպասում: «Մենք հակառակը կարող ենք ասել` Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետեւ ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»,-մարտի 18-ին մի խումբ լրագրողների տված հարցազրույցում ասել էր Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներն այս առնչությամբ բավական ուշագրավ մանրամասներ են փոխանցում: Բանն այն է, որ ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ խանդավառված չէ ՄՄ անդամ երկրներից Ղազախստանը: Ընդ որում, Ղազախստանի բացասական դիրքորոշումը պայմանավորված է մի քանի գործոնով:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Ս. Սարգսյանի նկատմամբ եւ երբեք էլ չի թաքցրել դա: Ընդ որում, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազարբաեւը հանդիպումների ժամանակ երբեք առիթը բաց չի թողնում բոլորի ներկայությամբ Ս. Սարգսյանին «կծելու» համար, եւ նրանց միջեւ նման միջադեպերը պարբերական բնույթ են կրում:
Սակայն, անձնական հակակրանքից բացի, կա նաեւ մեկ այլ, ավելի լուրջ հանգամանք. Ղազախստանը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ վերջինս ամեն գնով փորձում է այդ հանգամանքն օգտագործել ՀՀ-ի համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով: Ադրբեջանա-ղազախական հարաբերությունների մասին են փաստում նաեւ վիճակագրական տվյալները: Նշենք, որ ըստ Ղազախստանի վիճակագրական գործակալության տվյալների՝ Ադրբեջանի հետ այդ երկրի առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին գնալով ավելացել են. մասնավորապես 2009թ. Ղազախստանն Ադրբեջան է արտահանել 91.5 մլն, 2010թ.` 342 մլն, 2011թ` 237.6 մլն, իսկ ահա 2012թ.` 349.1 մլն դոլարի ապրանք: Համեմատության համար նշենք, որ փոխարենը նվազել է Հայաստանի հետ Ղազախստանի առեւտրաշրջանառությունը. 2009թ. Ղազախստանը ՀՀ արտահանել է 2.7, իսկ ահա 2012թ.` 0.5 մլն դոլարի ապրանք: Ադրբեջանից նախորդ տարի Ղազախստանը ներկրել է 41.6 մլն, իսկ ահա Հայաստանից` 3.9 մլն դոլարի ապրանք: Հենց այս առեւտրատնտեսական հարաբերություններն էլ հանգեցրել են քաղաքական լուրջ համագործակցության:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ապա տեղեկություններ կան, որ Ադրբեջանը Ղազախստանի միջոցով փորձում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրում ամրագրել Ղարաբաղի սահմանին մաքսային կետ տեղադրելու մասին դրույթ: Այն, որ սա հակասում է ՀՀ շահերին եւ բավական վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ, ակնհայտ է ամենքին: Միաժամանակ, դժվար է ասել` որքանով այս ծրագիրն իրականություն կդառնա, քանի որ, բացի Ղազախստանից, այդ հարցում պետք է իրենց համաձայնությունը տան նաեւ ՌԴ-ն ու Բելառուսը: Բացի այդ, ՄՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խումբը ձեւավորվել է նախորդ շաբաթ եւ նոր-նոր է սկսել իր աշխատանքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՄՄ-ին անդամակցության փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ չունի, բայց հավելեց. «Ադրբեջանի նման գործելաոճը չեմ բացառում, որովհետեւ նրանք հնարավոր ու անհնար որեւէ միջոց բաց չեն թողնում` ՀՀ-ի դեմ ինչ-որ քայլեր անելու համար: Սակայն որեւէ փաստաթղթի ծանոթ չեմ»:
Հ.Գ. Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ամիսներ առաջ, երբ ՀՀ-ն դեռ քննարկում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը, ՀՀ-ում գործող ռուս որոշ դիվանագետներ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորի ասել էին, թե իրենք ծանոթ են համաձայնագրի տեքստին ու այնտեղ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դնելու դրույթ կա: Սեպտեմբերի 10-ին՝ խորհրդարանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպման ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման մի հարցադրում էր արել` ասելով. «Ես գիտեմ, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված շատ հստակ պահանջ էր դրվելու, որ պետք է սահման, մաքսակետ դրվի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ»: «Ազատություն» ռ/կ-ին Ռուստամյանն այս առնչությամբ ասել էր. «Այս պատասխանը, որը պարոն Նալբանդյանը հնչեցրեց, որ դրանից չի տուժելու Ղարաբաղը, հուսով եմ` ենթադրում է, որ այսպիսի մաքսակետ Մաքսային միությունը չի պահանջի»: Մնում է միայն հուսալ, որ իրոք այդպես կլինի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս