«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Սարգիս Իսրայելյանի աշխատանքից ազատվելուց հետո ակումբում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Ակումբի նախագահ Կառլեն Մկրտչյանի կողմից տրված գրավոր լիազորագրի համաձայն՝ Կարեն Դավթյանը 2013թ. հունիսի 1-ից ստանձնեց փոխտնօրենի պարտականությունները, ինչից հետո տասնյակ աշխատակիցներ պարտադրված ազատվեցին աշխատանքից: Հիմա էլ փոխտնօրենը նախադրյալներ է ստեղծում, որ աշխատանքից ազատվի նաեւ «Բանանց» եւ «Ֆավորիտ» ակումբների կադրերի տեսուչ 37-ամյա Լուսինե Ղազարյանը:
Լուսինեն՝ որպես կադրերի տեսուչ, շուրջ 9 տարի է` աշխատում է «Բանանց»-ում: Նա հղի է եւ չորս ամիս հետո պետք է ֆիզարձակուրդ գնա:
«Չկարողանալով Լուսինեից ազատվել՝ Դավթյանը սկսել է տարբեր մեթոդներ կիրառել նրա նկատմամբ: Իսկ նպատակը մեկն է` այնպես անել, որ Լուսինեն զզվի ու թողնի հեռանա: Նույնիսկ մի շրջան երեխայի կյանքին վտանգ էր սպառնում, այս պատճառով էլ նա տասն օրով գնաց արձակուրդ»,-ներկայացրեց Լուսինեի մայրը` Արմենուհի Ղազարյանը, որը նաեւ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ է:
Արձակուրդից վերադառնալով՝ Լուսինեն նկատում է, որ իր աշխատասենյակի դարակները բացված են, իսկ դրանց մեջ գտնվող աշխատակիցների անձնական գործերը չկան: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ «գողացված» փաստաթղթերը հանձնվել են «Բանանց»-ում գործող «Ֆավորիտ» ակումբի կադրերի նորանշանակ տեսուչին` ոմն Մարինեի: Նշենք, որ մինչ այս Լուսինեն կատարում էր երկու ակումբների աշխատանքը:
Այդպիսով` Լուսինե Ղազարյանի աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, եւ նա ակումբի տնօրինությունից պահանջում է օրենքով սահմանված կարգով, աշխատանքային պայմանագրի համաձայն ապահովել իր բնականոն աշխատանքը, իրեն վերադարձնել իր պատասխանատվության տակ գտնվող, իրենից գողացված փաստաթղթերը, ինչպես նաեւ իր նախկին աշխատասենյակը, որը հիմա պահեստապետն է զբաղեցնում:
Նշենք, որ երկու ակումբների աշխատակիցներն ակումբի տարածքում գործող նոր մասնաշենքում են աշխատում, իսկ Լուսինեն՝ մի անմխիթար շենքում, մյուս աշխատակիցներից առանձին՝ ողջ օրը միայնակ անցկացնելով: Ավելին, անջատել են նրա աշխատասենյակի ինտերնետ ծառայությունն ու հեռախոսը: Կարճ ասած` հղի կնոջ համար ակումբի տնօրինությունը ստեղծել է առավելագույն անհարմարավետ պայմաններ:
Տիկին Արմենուհու խոսքով՝ փոխտնօրեն Դավթյանը Լուսինեին առաջարկել է մինչեւ ֆիզարձակուրդ գնալն աշխատանքի չգալ, բայց ամեն ամիս ստանալ իրեն հասանելիք աշխատավարձը. «Չեմ կարծում, որ ակումբի օրինական ղեկավարները կհանդուրժեին սա: Բացի այդ, Լուսինեի աշխատանքային պայմանագիրը լուծարված չէ, ոչ մի անգամ դեռ հանձնման եւ ընդունման գործընթաց չի կատարվել»:
Մի ուշագրավ տեղեկություն եւս. պարզվում է՝ «Բանանց»-ի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը ձեւակերպված են 60 հազար դրամ, որը, պահումները հանած, կազմում է 45 հազար դրամ: «Կարծում եմ՝ շատ ճչացող ու տարօրինակ է այս հանգամանքը: Մի՞թե մարզիչները նույնպես ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ: Այս երեւույթը պետք է որ հետաքրքրի պատկան մարմիններին»,-հայտարարեց տիկին Արմենուհին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ֆավորիտ» ակումբի կադրերի նորանշանակ տեսուչ Մարինեն նշեց, որ փոխտնօրեն Կարեն Դավթյանի բանավոր հրամանի համաձայն՝ այսուհետ ինքն է զբաղեցնում Լուսինեի պաշտոնը, իսկ վերջինս ակումբում գործող դպրոցի գործավարն է:
Ակումբում տեղի ունեցած փոփոխությունների շուրջ զրուցեցինք նաեւ Կ. Դավթյանի հետ. «Մեզ մոտ ֆինանսական խնդիրներ են եղել, ինչի հետեւանքով եղան ե՛ւ կրճատումներ, ե՛ւ կառուցվածքային փոփոխություններ: Մենք հիմա տեղափոխվել ենք նոր մասնաշենք եւ հաշվի առնելով Լուսինեի առողջական վիճակը՝ տվել ենք ավելի թեթեւ աշխատանք` դպրոցի գործավար, որպեսզի ծանրաբեռնված չլինի: Իսկ ինչ վերաբերում է ինտերնետ ծառայությունը եւ հեռախոսն անջատելուն, դա ուրիշ հարց է. հին մասնաշենքում դրանք ավելորդ ծախսեր են»:
Մեր հարցին, թե Լուսինեն երբեւէ դժգոհել է իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փոխտնօրենը չպատասխանեց: Սակայն պարզվեց, որ գործատուն` Կ. Դավթյանը, առանց Լուսինեի հետ խորհրդակցելու՝ Մարինեին նշանակել է «Բանանց» եւ «Ֆավորիտ» ակումբների կադրերի տեսուչ, իսկ Լուսինեին` ակումբում գործող դպրոցի գործավար: «Միգուցե գործատո՞ւն է որոշում: Լուսինեն պաշտոնապես մնացել է իր նախկին պաշտոնում: Հրամանով ոչինչ չի փոխվել: Ես այնպես եմ արել, որ նա ծանրաբեռնված չլինի: Ակումբի նախագահ Կառլեն Մկրտչյանը ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ: Ես պետք է որոշեմ, թե որտեղ է Լուսինեի աշխատասենյակը»,-հայտարարեց Դավթյանը:
Զրույցի ավարտին նա, այնուամենայնիվ, խոստովանեց, որ սխալ է թույլ տվել` Լուսինեի աշխատասենյակից ակումբի աշխատակիցների փաստաթղթերը վերցնելով եւ հանձնելով Մարինեին. «Լուսինեն կզբաղվի «Բանանց»-ի կադրերով, բայց իր աշխատասենյակը կմնա նախկին, հին մասնաշենքում: Էստեղ չի գալու, որովհետեւ այստեղ տեղ չկա»:
Նկատենք, որ ակումբի փոխտնօրենի ներկայացրած հիմնավորումները, թե իր քայլերի հիմքում եղել է ակումբի միջոցների տնտեսումը, հավատարժան չեն թվում, քանի որ ստացվում է, որ նախկինում երկու ակումբների աշխատանքը կատարած մեկ աշխատակցի փոխարեն հիմա վճարվելու են երկու հոգի: Ինչ վերաբերում է նոր մասնաշենքում տեղ չլինելու փաստարկին, ապա այն եւս հիմնավոր չէ, քանի որ «Ֆավորիտ» ակումբի կադրերի տեսուչ Մարինեն զբաղեցնում է 20 քմ մակերեսով ընդարձակ աշխատասենյակ:
«Ժողովուրդ»-ը կհետեւի Լուսինե Ղազարյանի աշխատանքային հետագա ճակատագրին եւ կներկայացնի իրադարձությունների ընթացքը:
«ԲԱՆԱՆՑ»-ՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ