ՄԻԱՆՁՆՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր անկախության 22-րդ տարեդարձը: Հավանաբար այս տոնին բոլորից շատ սպասում էր երգչուհի Նունե Եսայանը, որը մենահամերգ էր կազմակերպել Երեւանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում՝ այդ կերպ շնորհավորելով ողջ ազգին: 
Անկախությունը համազգային տոն է, ուստի այն պետք է շնորհավորեին մեր ազգի եթե ոչ բոլոր, ապա առավել սիրված ու հայտնի կատարողները: Բացի այդ, որքանո՞վ է ազնիվ ու ճիշտ, որ շատ ու շատ մեծավաստակ արվեստագետներ, այդ թվում եւ երաժիշտներ, այդ օրը ոչ միայն ստվերում են մնացել, այլեւ անգամ հրավիրված չեն եղել պաշտոնական միջոցառումներին: Երեւի թե, ի տարբերություն Նունե Եսայանի, նրանք այդքան էլ մտերիմ չեն առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ:
Ինչեւէ, սիրված կատարողների շրջանում կատարած մեր հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ այս փաստը վիրավորել է մեր արվեստագետներից շատերին:
ՀՀ վաստակավոր արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆՆ Անկախության օրը հրավիրված է եղել Մարզահամերգային համալիր՝ ընդունելության, հրավիրված է եղել նաեւ Նունե Եսայանի մենահամերգին, սակայն չի կարողացել ներկա գտնվել:
Հարցին, թե որքանով է ճիշտ, երբ մի կատարողի է վերապահվում ողջ ազգին շնորհավորելու առաքելությունը, պարոն Պողոսյանը պատասխանեց. “Այդ նույն հրապարակում տեղի է ունեցել նմանատիպ տոնական համերգ, որտեղ Մոսկվայի փողոցային աղջիկները՝ “Սերեբրո” կոչվող խումբը, Հայաստանի պետական, կառավարական, իշխանական եւ մշակութային այրերի ներկայությամբ երգում էին փողոցային, վուլգար, գռեհիկ երգեր… Նունե Եսայանի ելույթը, անկասկած, շատ ավելի լավ է՝ չնայած, որ չեմ համեմատում այդ ելույթի հետ: Նորից եմ կրկնում՝ այո՛, շատ էլ լավ է, նա ՀՀ վաստակավոր արտիստ է, երգչուհի է”: 
Պարոն Պողոսյանը նաեւ նշեց, որ ինքը չգիտի, թե ովքեր են կազմակերպում պետական տոնական համերգները եւ ինչու “Սայաթ-Նովա” աշուղական երգի վաստակավոր անսամբլին անգամ չեն էլ հրավիրել ազգային տոնին: 
Երաժիշտ ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԻ համար Անկախության օրն աշխատանքային է եղել, երեկոյան էլ ընկերը թոռնիկ է ունեցել, գնացել են նշելու: Նունե Եսայանի համերգին էլ հրավիրված չի եղել, իր խոսքով՝ իրեն նման վայրեր չեն հրավիրում: 
Անկախության տոնը միանձնյա շնորհավորելու փաստին էլ երաժիշտը դրական չի վերաբերում. “Ավելի գեղեցիկ կլիներ բազմազանությունը, հրավիրված լինեին տարբեր կատարողներ: Եթե փող հատկացնողները գտել են, որ մի հոգի պիտի երգի, դա իրենց խնդիրն էե: Հարցին, թե ինչու իրենց նման միջոցառումներին չեն հրավիրում, երգահանը պատասխանեց. “Կա՛մ մեզ չեն ճանաչում, կա՛մ չեն սիրում, կա՛մ էլ չեն ուզում”:  
Իսկ ահա երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ հրավիրված է եղել Նունե Եսայանի մենահամերգին, ավելին, հավանել է այն՝ չնայած նկատում է, որ քննադատելու ցանկության  դեպքում միշտ էլ կարելի է ասել, որ կարող էր ավելի լավ լինել. “Նունեն մեր ընտանիքին մտերիմ մարդ է, կարծում եմ՝ համերգը ստացվեց: Միանշանակ շատ ավելի լավ է, որ Նունեն է երգում, ոչ թե Ռուսաստանից հրավիրված ինչ-որ աղջիկներ”: 
Իսպիրյանին էլ հազվադեպ են հրավիրում պետական միջոցառումներին. “Չգիտեմ՝ ով է կազմակերպում, ինչ է կազմակերպում, բայց միայն քաղաքի տոնին են հրավիրում”:  
Երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆՆ Անկախութան տոնին ընկերների հետ խմել է, սակայն համերգին չի գնացել, վատառողջ է եղել: 
Այն փաստին,  որ ընդամենը մեկ երգչուհի է շնորհավորել մի ամբողջ ազգի տոնը, Ամալյանն  արձագանքեց, որ եթե իրեն առաջարկեին այդ օրը մենահամերգ ունենալ, անպայման կհրաժարվեր. “Թող ինձ ներեն բոլորը, բայց նույնիսկ եթե Շառլ Ազնավուրին հրավիրեին Անկախության օրվա համերգին, նորից սխալ կլիներ”:  Իսկ թե ինչպես կարելի է կազմակերպել Անկախության տոնը, Ամալյանը նկատեց, որ եթե այդքան բան իմանար, ինքն էլ պաշտոն կունենար: 
Երգահան, երգչուհի ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ Անկախության օրը՝ երեկոյան, ռեստորանում բանկետի է եղել, հետեւաբար չի մասնակցել Նունե Եսայանի մենահամերգին:   Այն իրողությունը, որ մեր ազգի Անկախության օրվա համերգը մեկ երգչուհու մենահամերգ էր, տիկին Ստամբոլցյանը բացասական է գնահատում՝ նշելով, որ Նունեին սիրում է որպես մարդ եւ երգչուհի, բայց այդ օրը համազգային տոնական օր է, միայն մեկ հոգու կատարումն իր մեջ էլ է բողոք արթնացրել: 
“Ժողովրդական, դասական, հազար ու մի լավ խումբ ունենք, նրանք էլ կարող էին լավ ելույթ ունենալ: Համազգային տոներին պետք է մասնակցեն ոչ միայն շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այլեւ պարտադիր կերպով ժողովրդական խմբեր”,-նկատեց երգահանը:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Ժողովուրդ” օրաթերթի 623 համար




Լրահոս