ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեղծագործական միությունների շուրջ զարգացումները նոր թափ են հավաքում, եւ, այսպես ասած, առաջատարն այս պահի դրությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունն է։ Հիշեցնենք, որ այդ միության չորս տասնյակից ավելի անդամներ պահանջում են արտահերթ համագումար հրավիրել, քանի որ, ըստ նրանց, միության նախագահը, վարչության անդամները լեգիտիմ չեն։ Ավելին, միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին գրող Աղասի Այվազյանի այրին մեղադրում է գրագողության մեջ…
Իսկ ՀՀ ճարտարապետների միությունում ներքին զարգացումների առումով արշալույսներն առայժմ խաղաղ են։ «Ժողովուրդ»-ը միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչի համար է հենց կոնկրետ իրենց միությունը, եթե չի կարողանում մայրաքաղաքում շարունակվող ճարտարապետաքանդության դեմն առնել։
-Մամուլի ասուլիսներ եք կազմակերպել, բաց նամակներ եք ուղարկել նախագահին, շատ լավ, սուր խոսում եք, բայց, ի վերջո, ի՞նչ պետք է անի միությունը, որ, կոպիտ ասած, իրեն բանի տեղ դնեն։
-Նախկինում միություններին պետությունն ուշադրություն էր դարձնում, ֆինանսավորում էր։ Ու պետությունը նաեւ հետեւում էր, որ, ասենք թե, երաժշտության, ճարտարապետության կամ այլ բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակմանը մասնակից լինենք։ Իհարկե, ամեն ճարտարապետ պետք է շենքի նախագիծն ինքը յուրովի կազմեր, սակայն, բացի այդ, կար նաեւ պետական քաղաքականություն այդ հարցում, որին պետք է ենթարկվեր։ Ինչպես, ասենք, խրուշչովյան ժամանակ. պետք էր շատ բնակարան կառուցել, պետք էր էժանացնել դրանք… Այսինքն՝ կային ինչ-որ մեծ ուղղություններ, որոնց շրջանակում ճարտարապետը կարողանում էր իրեն դրսեւորել։ Նույնն էր նաեւ մյուս միությունների պարագայում։ Այսօր նման բան չկա, եւ բոլոր միություններն էլ հավասարեցվել են սովորական հասարակական կազմակերպությունների։ Իհարկե, ստեղծագործական են կոչվում, բայց, միեւնույն է, օրենքով շարժվում են որպես հասարակական կազմակերպություն՝ իրենց կանոնադրությամբ։ Այսինքն՝ պիտի պրոպագանդենք, ներկայացնենք ճարտարապետներին, ճարտարապետությունը, տեր կանգնենք մշակութային ժառանգությանը, միշտ աչալուրջ լինենք, թե որտեղ ինչ եւ ինչպես է կառուցվում… Մենք հենց դա էլ անում ենք, հասարակությանն իրազեկում ենք։ Ապօրինություններն արգելելու, աշխատանքները կանգնեցնելու լծակներ չունենք։ Նախկինում էլ չունեինք, բայց գոնե կային հասարակական քննարկումներ, ինչն էլ ուզում ենք վերականգնել։ Դա շատ օգուտ է տալիս. հասարակությունը կարողանում է թացը չորից տարբերել, հայտնել իր կարծիքը, ինչ-որ կերպ ազդել որեւէ կոնկրետ հարցի լուծման վրա։ Մենք իրազեկում ենք նաեւ պատասխանատու գերատեսչություններին, երբ հարցը վերաբերում է քաղաքի, ազգի մշակույթին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս