«ՉԿԱ ԿԻՆ, ՈՐԻՆ ՉՀԵՏԱՔՐՔՐԻ ԱՅՍ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնասիրելով մարդկության պատմությունը` հանդիպում ենք մեզանից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց հագուստի ոճի, գույնի եւ գործվածքի մասին տվյալների: Եթե վերադառնանք մարդկության ստեղծման պատմությանը` ըստ Աստվածաշնչի, կարող ենք տեսնել, որ Ադամն ու Եվան իրենց մերկությունը ծածկելու համար ժամանակավոր հագուստ էին պատրաստել՝ թզենու տերեւներն իրար կարելով։ Սակայն հետագայում Աստված դրանց փոխարեն նրանց տվեց «կաշվե երկար հագուստներ», որոնք ավելի դիմացկուն էին: Կան դիզայներներ, որոնք նշում են, որ Ադամի ու Եվայի` թզենու տերեւներից հագուստը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ներքնազգեստ:

Հետաքրքիր է, որ հին ժամանակներում ներքնազգեստներ` այսօր բոլորիս հայտնի տեսքով, գոյություն չունեին: Մարդիկ կրում էին վերնաշապիկ հիշեցնող հագուստներ: Իսկ կիսավարտիք հիշեցնող հագուստներն առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարում. դրանք մեծ տարածում ունեին հիմնականում կուրտիզանուհիների շրջանում: Արդեն 19-20-րդ դարերում Եվրոպայի էլիտար մասսան կրում էր նուրբ կտորներից ներքնազգեստներ: Բացի կորսետից, որը տարածում էր գտել ավելի վաղ, կանայք հագնում էին վարտիք, կրծկալ, վերնաշապիկ, շրջազգեստ, գոտի եւ նույնիսկ` զուգագուլպաների կապիչ: Հետագայում ներքնազգեստներն աստիճանաբար կարճացան եւ նեղացան: Իսկ այսօր արդեն դրանք իրենց զանազանությամբ կարող են շլացնել թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց: Հագուստի այս տեսակը ոչ միայն ապահովում է հարմարավետություն, այլեւ հարստացնում է ցանկացած կնոջ արտաքին տեսքը` նրան հաղորդելով յուրահատուկ գրավչություն եւ սեքսուալություն: Ուստի ավելորդ չի լինի, որ ներքնազգեստի ընտրության հարցում ոչ միայն վստահեք սեփական ճաշակին, այլեւ տեղեկանաք մասնագետի խորհուրդներին:
Ոճաբան Արփինե Կոշտոյանը «Ժողովուրդ»ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներքնազգեստի ընտրությունը եւ այն կրելը լուրջ մշակույթ է. այդ հագուստը պետք է լինի եւ՛ նուրբ, եւ՛ գայթակղիչ: «Չեմ պատկերացնում որեւէ կնոջ, որին այս թեման չհետաքրքրի: Ես վստահ եմ, որ շատ կանայք իրենց գումարներն ամենաշատը հենց ներքնազգեստներ գնելիս են շռայլում: Ուստի ճիշտ կլինի, որ նրանք ընտրեն զգեստին համապատասխան ներքնազգեստ, որի միջոցով կթաքցնեն իրենց կառուցվածքի թերությունները եւ կընդգծեն առավելությունները»,-նկատեց նա:
Ոճաբանի համոզմամբ` ամեն կին ընտրում է իր էությունը բնորոշող ներքնազգեստ. «Վուլգար կինը երբեք չի ընտրի նուրբ, բամբակյա հիմքով տարբերակ: Փոխարենը դա կնախընտրեն բնույթով հանգիստ ու հետաքրքիր կանայք, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակությամբ»,-մանրամասնեց Ա. Կոշտոյանը:
Անդրադառնալով նորաձեւ համարվող ներքնազգեստներին` ոճաբանը տեղեկացրեց, որ այս տարի ամենաթրենդային լուքը համարվում է ժանյակազարդ զգեստը, եւ այս միտումը կրկնվում է նաեւ ներքնազգեստների դեպքում. «Ուշագրավ է, որ ժանյակազարդ ներքնազգեստներից «ոգեշնչված»` տոնական զգեստներն, ասես, վերածվեցին գիշերազգեստների»,-նկատեց նա` հավելելով, որ այս տարի ակտուալ է նաեւ գիշերազգեստի վրայից թեթեւ խալաթ կրելը:
Ի դեպ, Ա. Կոշտոյանը վերջերս ներկայացրել է ներքնազգեստների հավաքածու, որը, ըստ նրա, տարբերվում է իր ձեւաչափով. «Ես այս հավաքածուն ստեղծեցի իմ հաճույքի համար, եւ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ կանայք այսչափ կգրավվեն դրանով: Այս մեկ ամսվա ընթացքում ես նկատեցի, թե, առհասարակ, որքան է աճել կանանց հետաքրքրությունը հագուստի այս տեսակի նկատմամբ: Խոստանում եմ առաջիկայում եւս ստեղծել ներքնազգեստի, ինչու ոչ նաեւ` գիշերազգեստի նոր, հետաքրքիր հավաքածուներ»,-ասաց ոճաբանը:

 

 

 
ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿԱՐՈՏ ԷԻՆ ԿՐԿԵՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ

Երեւանի կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիան մի քանի պրոֆեսիոնալ արտիստների հետ, որոնք աշխատում են արտասահմանյան կրկեսներում, վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ ներկայացել է բարեգործական համերգներով: Շուրջ 20 երիտասարդ արտիստ 2 ժամանոց ծրագրով մեր զինվորների համար ելույթներ են ունեցել Մարտակերտում, Քարվաճառում, Ասկերանում, Ստեփանակերտում եւ այլ վայրերում:

«Սցենարը գրեցի ես, իսկ համերգների բեմադրիչը Երեւանի կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանն էր: Զգացինք, որ զինվորները կարոտ էին նման ներկայացումների: Մենք եղանք նաեւ գյուղերում, որտեղ երբեւէ կրկես չէր այցելել: Հայտարարեցինք, որ մեր ստուդիա-դպրոցում ուսումն անվճար է: Տեսնեիք` երեխաները ոնց էին ոգեւորվել: Արդյունքում նրանցից մի քանիսը վերջերս այցելեցին ստուդիա` ցանկություն հայտնելով սովորել մեզ մոտ: Հիմա հնարավոր է` Արցախում ստուդիայի մասնաճյուղը բացենք, մարզիչներ ուղարկենք, տեսնենք` ինչպես կստացվի»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ստուդիա-դպրոցի հիմնադիր Սոս Պետրոսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջին անգամ` 2016-2017 թթ.ուս. տարում, Հայաստանում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից բացվում է կրկեսի, էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրայի կուրս: Սոս Պետրոսյանը խոստացավ, որ բոլոր ուսանողները կապահովվեն աշխատանքով: «Մեր կրկեսում մասնագիտական բարձրագույն կրթություն ունենք միայն ես եւ Նաիրա Պետրոսյանը: Այնինչ` մեզ հարկավոր են կրկեսային գործի կազմակերպիչներ, գրագետ մենեջերներ եւ մի շարք այլ մասնագետներ: Նախատեսում ենք ունենալ շուրջ 15 հոգանոց կուրս»,-ասաց նա:
Ի դեպ, պարոն Պետրոսյանը հայտնեց, որ վերջերս 10 օրով Հայաստան էր այցելել ՌԴ ժողովրդական արտիստ, Եկատերինբուրգի պետական կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Անատոլի Մարչեւսկին: «Նա եկավ, ուսումնասիրեց մեր կրկեսը, որտեղ տարվում են շինարարական աշխատանքներ, եւ որի նոր շենքը շահագործման կհանձնվի 2017-ի վերջին, խորհուրդներ տվեց ճարտարապետին, կոնստրուկտորին, ապա վարպետաց դասեր տվեց մեր ստուդիայում: Նա խոստացավ, որ տարին երկու անգամ իր մասնագետներով կայցելի մեզ, հանդես կգա հատուկ դասընթացներով, իսկ նոր բացված կուրսի ուսանողներին երկրորդ կուրսի առաջին կիսամյակից կտանի Եկատերինբուրգի կրկես, որտեղ նրանք հնարավորություն կունենան առնչվելու կրկեսային գործի հետ, իրենց աչքերով տեսնելու, թե ինչպես է, օրինակ, գրվում սցենարը, բեմադրվում ներկայացումը եւ այլն»,- եզրափակեց Ս. Պետրոսյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
4 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հունիսի 9-ին պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները։ Նրանք են` Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։ Երկրորդ փուլի ելույթները տեղի կունենան հունիսի 11-ին եւ հունիսի 13-ին։ Իսկ արդեն հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգին կհայտարարվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողի անունը։

 

 

ՇԵՐԻ ՏՈՒՆԸ` 85 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Արդեն մի քանի օր է` լրատվամիջոցները գրում են, որ հայկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհի Շերը մահամերձ է: Radar-ի փոխանցմամբ` 70-ամյա աստղը համոզված է, որ իրեն քիչ ժամանակ է մնացել ապրելու: Ուստի նա իր ողջ կարողությունը` շուրջ 305 միլիոն դոլար, կտակել է բարեկամներին եւ ընկերներին: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, արդեն բավական բարձր գնով վաճառքի է հանվել նաեւ Շերի` Բեւեռլի Հիլզում գտնվող առանձնատունը. այն արժի 85 միլիոն դոլար: Նշենք, որ նախկինում այդ տունը պատկանել է դերասան Էդի Մերֆիին:

 

 

ՖԻԼՄԸ  ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Հոլիվուդյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը պատրաստվում է նկարահանել 2004թ. մեծ էկրան բարձրացած եւ ճանաչում ձեռք բերած «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը: The Daily Mail-ը հայտնում է, որ Գիբսոնը Ռանդալ Ուոլեսի հետ գրում է ապագա ֆիլմի սցենարը: Այն պատմելու է Քրիստոսի սուրբ հարության եւ դրան հաջորդած դեպքերի մասին: Տեղեկացվում է, որ նոր կինոնկարը առաջին ֆիլմի համեմատ չի պարունակի շատ դաժան տեսարաններ:




Լրահոս