Հայաստանի խորհրդարանը երեկ ավարտեց հարկային օրենսգրքի քննարկումը, եւ ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ իշխանական պատգամավորներից բացի՝ խորհրդարանում ներկայացված մնացած բոլոր, նույնիսկ ոչ հրապարակային` մերձիշխանական պատգամավորները ներկայացված փաստաթղթին դեմ արտահայտվեցին:
Ի դեպ, իշխանական գործարար պատգամավորները եւս հարկային օրենսգրքի նախագծին դեմ են, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել:
Այսպիսով՝ հարկային օրենսգրքի նախագիծը փաստացի խոստանում է ավելացնել Հայաստանի տնտեսվարողների վրա առկա հարկային բեռը, խոստանում է ավելի բարդացնել եւ դժվարացնել հարկային վարչարարությունը, հեշտացնել հարկային ծառայության աշխատակցի կողմից տնտեսվարողներին տուգանելու եւ գումար բռնագանձելու գործընթացը: Բավական է նշել, որ գործող օրենսդրությամբ հարկային ծառայության կողմից տուգանվելու դեպքում, եթե տնտեսվարողը այդ ակտը բողոքարկում է, ապա դրա կիրառումը կասեցվում է: Հարկային օրենսգրքի նախագծով տնտեսվարողին տուգանելու վերաբերյալ ակտի բողոքարկման փաստը դրա կիրառությունը չի կասեցնում:
Մյուս կողմից էլ եթե այս հարկային օրենսգիրքն ընդունվի, ապա փոքր եւ միջին բիզնեսը ստիպված է լինելու իր եկամուտի մի մասը ծախսել հարկային վարչարարության վրա: Այսինքն՝ նոր օրենսգիրքը կիրառության մեջ մտցնելուց հետո փոքր եւ միջին ձեռներեցները փաստացի դատապարտված են լինելու: Իրավիճակն այն աստիճան չարագույժ է, որ անգամ իշխանությունների նկատմամբ լոյալ տրամադրված գործիչները չեն կարողանում ընկալել, թե ՀՀ կառավարությունն ինչու է այդպես վարվում, ինչ խնդիր է ցանկանում լուծել: Նախկին պաշտոնյաներից մեկը օրերս «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցում ասաց, թե ինքը չի կարծում, որ ՀՀ կառավարությունում գիտակցում են իրենց հեղինակած օրենսգրքի հետեւանքները: Նա առավել հավանական էր համարում այն տարբերակը, որ կառավարությունն այնքան է տարված լրացուցիչ միջոցներ գտնելու խնդրի լուծմամբ, որ կորցրել է իրավիճակի ադեկվատ ընկալումը:
Իրականում Հայաստանի իշխանությունները լավ էլ ադեկվատ են, ավելին՝ նրանք լիարժեք գիտակցված ցանկանում են Հայաստանի տնտեսությունը տանել վերջնական խոշորացման: Իհարկե, նրանք չեն կարող չգիտակցել, որ այդ գործընթացը հանգեցնելու է եւս մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթի: Իշխանությունների տեսանկյունից դրանում ոչ միայն արտառոց ոչինչ չկա, ավելին՝ այդպիսով ներկա իշխող վերնախավը փաստացի կդառնա երկրի լիակատար տերն ու տիրականը, եւ նրանցից իշխանությունը խլելը հնարավոր կլինի իրականացնել միայն ուժային հեղափոխության միջոցով: Այս մոտեցումը, սակայն, մեկ «խոցելի կողմ» ունի` Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Այսինքն՝ հանուն իրենց իշխանության ամրապնդման մարդիկ ցանկանում են Հայաստանն ավելի «փոքրացնել», որպեսզի մնացածը իրենք կարողանան լիարժեք վերահսկել:
Մինչ քառօրյա պատերազմը, պատերազմի վերսկսման վտանգը մշտապես անիրատեսական էր համարվում: Սակայն այժմ նման հեռանկարը ոչ միայն իրատեսական է, այլ անխուսափելի, եւ ոչ ոք չի էլ կասկածում, որ թշնամին վաղ թե ուշ նորից հարձակվելու է:
Հայաստանի իշխանական վերնախավի գործողություններն այս տեսանկյունից առավել քան տարակուսանքի տեղիք են տալիս: Նրանց ներկա գործողությունների տրամաբանությունը հաշվի առնելով՝ արդյոք կարելի է ենթադրել, որ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը կամ մի քանիսը նրանց երաշխիքներ են տվել, որ թշնամին ամեն դեպքում մինչեւ վերջ չի գրոհի եւ Երեւան չի հասնի, այլ կբավարարվի միայն Արցախը զավթելով: Հայաստանի ներկա իշխող վերնախավի քայլերը կարելի է բացատրել միայն նման երաշխիքի առկայությամբ, հակառակ դեպքում ոչ մի բանական մարդ, թեկուզ հանուն լիակատար իշխանության, քայլ առ քայլ չէր քայքայի պետությունը` գիտակցելով, որ թշնամին սահմանին կագնած է եւ ամեն վայրկյան պատրաստ է հարձակվելու:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից փորձեց պարզել, թե իրենք ում հետ են բանակցում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: «Մենք այդ հարցը քննարկել ենք դեռ մի քանի ամիս առաջ եւ որոշել ենք, որ հոկտեմբերից հետո անդրադառնանք. դեռ վաղ է, դեռ բավականին պրոցեսներ կլինեն մինչեւ աշուն, նաեւ նկատի ունեմ ՏԻՄ ընտրությունները: Ժամանակը կգա, կքննարկենք, բայց մենք չենք բացառել երբեւէ, որ մենք կարող ենք որոշակի համագործակցություների, դաշինքների ձեւով մասնակցենք ընտրություններին, դա կախված կլինի այն գաղափարական հենքի ձեւավորմամբ, որը որ դավանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Եթե ոչ, ապա մենք մեր ունեցած ռեսուրսներով, հնարավորություններով, մինչ օրս ձեւավորած թիմով պատրաստ ենք միայնակ մասնակցել ընտրություններին: Ես անուններ չէի տա, հիմա որեւէ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Մարուքյանը:
ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից երեկ փորձեցինք պարզել, թե արդյոք իրենց կուսակցության ներկայացուցիչները հրավիրված են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության՝ հունիսի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարին: «Ոչ, որեւէ հրավեր չենք ստացել, մաղթում ենք հաջողություններ, քանի որ արդեն համագումարն է, բարի երթ»,- պատասխանեց Մարգարյանը: Իսկ այն հարցին, թե հնարավոր է՝ Օսկանյանի հետ դաշինք կազմեք, նա պատասխանեց. «Մենք դրան կանդրադառնանք սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո, որին մենք բավականին արդյունավետ մասնակցելու ենք, մեր մասնակցությունը գրեթե բոլոր համայնքներում ունենալու ենք, տեղեր կան ավագնու թեկնածուներ, տեղեր կան համայնքի ղեկավարի թեկնածումներ: Դրանից հետո ավելի առարկայական կանդրադառնանք, եւ բոլոր քաղաքական ուժերը եւս, ինձ թվում է, դրանից հետո կքննարկեն իրենց ռազմավարություններն ու մարտավարությունները»:
ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԽՆԴՐԵԼ
Դեռեւս փետրվարին ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր բոլոր ուժերին առաջարկել էր դաշինք կազմել: Նա իր հրապարակային առաջարկում մասնավորապես թվարկել էր «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հրանտ Բագրատյանից պարզել՝ այս ընթացքում զրուցել է իր կողմից թվարկված քաղաքական ուժերի հետ, նրանց արձագանքը դաշինք կազմելու վերաբերյալ ինչպիսինն է եղել: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ իր կողմից թվարկված քաղաքական ուժերը մինչեւ հունիսի վերջ ժամանակ են խնդրել, որպեսզի դրանից հետո իրենց վերջնական տեսակետը հայտնեն՝ պատրաստ են դաշինք կազմել, թե ոչ:
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Երկուշաբթի օրը՝ հունիսի 20-ին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՀՀ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է պլանավորվում: Ենթադրվում է, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ»,-ասել է Ուշակովը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը «ակտիվ քայլեր կձեռնարկի՝ հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»:
ՄԵԿՆԵԼ Է
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 14-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ
Վենետիկի հանձնաժողովը հունիսի 10-11-ը հավանության է արժանացրել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի համատեղ կարծիքը: Այդուհանդերձ, արձանագրվել է, որ բարեփոխումների ժամանակը շատ կարճ էր, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է, որ նոր օրենսգիրքը ուժի մեջ էր մտնելու 2016 թվականի հունիսի 1-ից: Վենետիկի հանձնաժողովից փաստել են, որ նոր ընտրական օրենսգիրքը կարող է բավարար հիմք հանդիսանալ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Որպես մտահոգության առարկա է առանձնացվել այն, որ դեռեւս բավարար միջոցներ չկան քվեարկողների ցուցակների ճշգրտության նկատմամբ վստահության ամրապնդման նպատակով: Բացի այդ, օրենսգրքի նախագիծը հաշվի չի առել նախկին երաշխավորումները` կապված բողոքարկման արդյունավետության, նախընտրական գործունեության ժամանակ ֆինանսավորման թափանցիկության եւ հաշվետվության հետ:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արմեն ՊԱՊԻԿՅԱՆՆ ազատվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Ինչպես հայտնի է՝ Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը: Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է: Մինչ այդ նա մոտ մեկ տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ էր: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը:
ԳՈՂԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Հունիսի 10-ին քաղաքացիներ Շողեր Մաթեւոսյանի եւ Սեդա Մելիքսեթյանի /ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի եւ գործարար Բարսեղ Բեգլարյանի կանայք/ առանձնատներից հափշտակություն կատարելու առթիվ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ դրանք իրականացվել են նույն խմբի անձանց կողմից, երեք անձ ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ին հայտնել են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք՝ հունիսի 13-ին ոստիկանությունը մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին եւ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երեւանում եւ հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ 3 տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ
Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից: