Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը գալիս է առաջին հերթին ՌԴ-ից․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի և Ռուսաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի շուրջ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

-Տիկի՛ն Փոստանջյան, ՀՕՊ համաձայնագրից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք. այն Հայաստանի շահերից կբխի՞:

-Չեմ կարծում, որ այս համաձայնագրով մենք պետք է դրական ակնկալիքներ ունենանք Ռուսաստանի Դաշնությունից, որովհետեւ մենք ՌԴ-ի հետ ունենք բազմաթիվ փաստաթղթեր, համաձայն որոնց պետք է մեզ տրամադրվեր համապատասխան պաշտպանական միջոցներ եւ օգնություն, եւ նաեւ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, բայց չորսօրյա պատերազմը փաստեց այլ իրողություն: Այսինքն՝ մենք, ըստ էության, մեր ռազմավարական դաշնակցից չստացանք որեւիցե աջակցություն, բայց դրա տեղը մեր ռազմավարական դաշնակիցը իրեն գործընկեր է ընտրել Ադրբեջանին, որին գնահատում է որպես իրեն շատ կարեւոր ռազմավարական դաշնակից եւ ընկեր եւ նրան մատակարարում մարդկության դեմ ուղղված սպառազինություններ` սոլնցեպյոկներ ու սմերչեր, որոնք օգտագործվեցին հայ ժողովրդի դեմ: Այստեղ խոսել, որ մենք կարող ենք օգտվել այսպիսի համաձայնագրից, ոչ միայն միամտություն է, այլեւ այս ամենի շարունակությունը պարզաես դավաճանություն է գնահատվում:

-Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիր դաշտի գործիչները լավ չեն ուսումնասիրել համաձայնագիրը, այդ իսկ պատճառով բացասական գնահատականներ են հնչեցնում:

-Իհարկե, մենք շատ լավ ուսումնասիրել ենք, պետք չէ լինել փորձագետ կամ այլ բազմակողմանի գիտելիքների տեր անձնավորություն, որպեսզի հասկանանք, որ կան վիճահարույց դրույթներ, եւ այդ վիճահարույց դրույթները ի նպաստ հայ ժողովրդի եւ հայոց պետականության չեն գործելու:

Ձեր կարծիքով համաձայնագրի վավերացումից հետո, եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանին հնարավորություն կընձեռվի անմիջապես արձագանքել, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ նախահարձակ գործողություններ կատարել` չսպասելով Ռուսաստանի հրամանատարությանը:

-Եթե նայում ենք այն հանրահայտ տեսանյութը, տեսնում ենք, որ փաստորեն անկախ Ռուսաստանին սպասելուց, մեր զինված ուժերը, հրամանատարությունը թույլ չի տալիս մեր զինվորներին պաշտպանվել: Այդ տեսանյութից երեւում է, որ նրանք հարձակվում են, իսկ մեզ հրաման չի արձակվում պաշտպանվելու, եւ այդ հրամանի ուշացման եւ այդ ժամանակ սպասելու պատճառով ենք մենք ունեցել մեր առաջին զոհերը: Պետք է վերադառնամ նաեւ Ժիրայր Սէֆիլյանի վերջին կալանավորմանը, երբ նա հայտարարեց, որ պատրաստ է ազատագրել մեր հայրենիքը, նրան կալանավորեցին: Փաստորեն մեր հայտարարությունները՝ մեր հայրենիքի ազատագրման մասին, ենթարկվում են կալանավորման, դադարեցման եւ այդ դադարեցումն ու կալանավորումը գալիս է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից եւ այստեղի նրա ենթակա պաշտոնյաներից: Մենք պետք է վերանայենք մեր ռազմական հայեցակարգը:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս