Նախկին պատգամավորի ընկերությունը չի մարում պարտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից սնանկ է ճանաչվել «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ն: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության հիմնադիրն է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը:
Նշենք, որ «Էջմիածնի Ջրշին» ընկերությունը զբաղվել է ջրաշին կառույցների շինարարությամբ: Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Այս պահին ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված: Իսկ պետական բյուջեի հանդեպ պարտավորություններն առաջացել են դեռեւս 2009 թվականի սեպտեմբերի 2-ին ընկերությունում իրականացված պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքներով կազմված ստուգման ակտով: Բանն այն է, որ ընկերությունը չի վճարել 2009 թվականից սկսած տարեկան պետական տուրքի գումարները:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարվա մարտի 10-ին դիմել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով: Այսպես՝ նախկին պատգամավորի սնանկացած ընկերության պարտատերերն են՝ ֆինանսների նախարարությունը, որին պարտք է 500 հազար դրամ, պետական եկամուտների կոմիտեն՝ ավելի քան 37 մլն դրամ, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ 20 մլն 776 հազար դրամ: Պարտապանը, այս դեպքում «Էջմիածնի ջրշին» ընկերությունը, ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները:
Եւ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այս տարվա ապրիլի 11-ին բավարարել է ՀՀ ֆինանսների նախարարության դիմումն ընդդեմ «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի: Արդյունքում ընկերությունը ճանաչվել է սնանկ: Բացի այս՝ արգելանք է դրվել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Սրանից զատ՝ պարզվում է, որ նախկին պատգամավորի հիմնադրած ընկերության դեմ դեռեւս 2014 թվականին ՀՀ վարչական դատարան է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը: Վերջինս պահանջել է վերոնշյալ ընկերությունից բռնագանձել 20 մլն 776 հազար դրամ: Եւ դեկտեմբերի 19-ի վճռով գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի հօգուտ պետական բյուջեի 20 մլն 776 հազար դրամ պարտավորությունը բռնագանձելու պահանջի մասին ամբողջությամբ բավարարվել է: Սրան զուգահեռ նկատենք, որ «Էջմիածնի ջրշին»-ը օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետում չի վիճարկել ընկերության սնանկությունը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ն պետական բյուջեի հանդեպ ունեցած իր պարտավորությունները այդպես էլ չի կատարել, եւ հուլիսի 22-ին տեղի կունենա այս գործով պարտատերերի առաջին ժողովը:
«Էջմիածնի Ջրշին» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ որեւէ կապ, առնչություն չունի նշված ընկերության հետ: Նրա պնդմամբ՝ այդ ընկերությունը ինքը ղեկավարել է մինչեւ 1999 թվականը: Եւ սա այն դեպքում, երբ ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2002 թվականին:

«Բայց հիմնադրել եմ ես. 16-17 տարի է անցել: Ես չգիտեմ, թե ով է այդ պարտքը տալու: Իմ կարծիքով, ինձանից հետո ընկերությունը չի էլ աշխատել: Ընկերության հիմնադիրը ես եմ, բայց 99-ականներից հետո այն փոխանցել եմ այլ մարդկանց: Հնարավոր չէ՝ այդքան կազմած լինի պարտքը: Գուցե՞ ակտ են գրել, ու դրա տույժերն ու տուգանքներն են այդքան կազմել: Այդ ընկերությունը նույնիսկ գործ չի արել, շրջանառություն չի ունեցել, որտեղից պետք է այդքան պարտք կուտակած լիներ»,- զարմացած նկատեց Հ. Հակոբյանը:
Իսկ, ահա, սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ գործը նոր է իր ձեռքի տակ հայտնվել, եւ նա առաջինը տնօրենին է փնտրել, բայց չի գտել: Նա այս թեմայի շուրջ խոսել է նաեւ Հակոբ Հակոբյանի հետ, սակայն վերջինս սնանկության գործով կառավարչին փոխանցել է, որ որեւէ կապ, առնչություն չունի ընկերության հետ: Չնայած սրան՝ սնանկության գործով կառավարիչ Մարտիկյանը հույս ունի, որ շուտով «կգտնի» տնօրենին, եւ իրեն հուզող հարցերին պատասխաններ կտրվեն:
Ինչեւէ: «Էջմիածնի ջրշին» ընկերության հետ կապված պատմությունը այսքանով չի ավարտվում. բանն այն է, որ դեռեւս 2011 թվականին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:

Ըստ այդմ, «Էջմիածնի ջրշին» տնօրեն Ջ. Գրիգորյանը, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել է իրեն վստահված գումարներից 340 հազ. 853 դոլարին համարժեք 121 մլն 522 հազ. դրամ առանձնապես խոշոր չափի գումար՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս