ԵՐԲ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն իր հերթական քառօրյայի երկու օրը նվիրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին: Հիշեցնենք, որ այս նախագծի համաձայն, առաջարկվում է շեշտակի բարձրացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, եւ այդ փաստը խորհրդարանում արժանացավ բավական լուրջ դիմադրության:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, այս նախագծի վերաբերյալ դժգոհություններ կան նաեւ ՀՀԿ խմբակցությունում. պատճառը ԱԺ պատգամավորների աշխատավարձի դրույքաչափը փոխնախարարների հետ նույնացնելն է, ինչը նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք համարել են որպես խորհրդարանի նսեմացում: Ըստ մեր աղբյուրների, բանը հասել է նրան, որ ՀՀԿ-ի հակավարչապետական թիմը նույնիսկ ակնարկել է, որ, եթե կառավարությունը չվերանայի իր դիքորոշումը, իրենք կտապալեն նախագծի ընդունումը: Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների, կառավարությունը համաձայնվել է վերանայել այդ ամենը:
Իսկ մինչ այդ փորձենք տեսնել, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրինագծի ընդունումից հետո որքան աշխատավարձ են ստանալու: «Ժողովուրդ»-ը իր երեկվա համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի աշխատավարձերին:

Այսպիսով.
ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի աշխատավարձը կարող է դառնալ 1մլն 58 հազար դրամ: Նշենք, որ ՍԴ նախագահը 2011թ. ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հաշվետվության մեջ հայտարարագրել է 5 մլն 700 հազար դրամ, 5 հազար 200 ԱՄՆ դոլար եւ 2 հազար 700 եվրո:
ԱԱԽՔ Ա. Բաղդասարյանի աշխատավարձը կարող է դառնալ 1 մլն 29 հազար դրամ` ներկայիս 350 հազար դրամի փոխարեն: Նա 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարագրել է 5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար:
Փոխվարչապետ Ա. Գեւորգյանի աշխատավարձը 325 հազար դրամից կարող է դառնալ 996 հազար դրամ: Նա հայտարարագրել է 1մլն դրամ եւ 10 հազար դոլար, ինչպես նաեւ` 27 հազար 750 դոլար եկամուտ՝ գույքի վարձակալությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի աշխատավարձը եւս կարող է դառնալ 996 հազար դրամ: Գլխավոր դատախազը հայտարարագրել է 25 մլն դրամ եւ 5 հազար դոլար: Ընդ որում, ուշագրավն այն է, որ դատախազը 2012թ. տարեսկզբին ունեցել է ընդամենը 200 հազար դրամ, բայց տարեվերջին դրամական միջոցները հասել են 25 մլն-ի: Նա հայտարարագրել է նաեւ 35 մլն դրամ նվիրատվություն:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանը (եթե շարունակի պաշտոնավարել) եւս ստանալու է 996 հազար դրամ` ներկայիս 788 հազարի փոխարեն: Նա 2012թ. հայտարարագրել է 20 մլն 700 հազար դրամ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի աշխատավարձը եւս կազմելու է 996 հազար դրամ: Նշենք, որ նա 2012թ. հայտարարագրել է 3 մլն դրամ եւ 185 հազար 790 դոլար:
ԱԱԾ պետ Գ. Հակոբյանի աշխատավարձը կազմելու է 792 հազար դրամ՝ ներկայիս 300 հազարի փոխարեն: Նա 2011թ. հայտարարագրել է 23 մլն 500 հազար դրամ: Ընդ որում, տարեսկզբին նրա հաշվին եղել է 19 մլն 600 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի աշխատավարձը եւս 300 հազարից դառնալու է 792 հազար դրամ: Իր ունեցվածքի մասին հայտարարագրում ոստիկանապետը նշել է, թե ունի 16 մլն 500 հազար դրամ ու 3 հազար դոլար:
ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի աշխատավարձը 408 հազար դրամից դառնալու է 726 հազար դրամ: Ի դեպ, ՊԵԿ ղեկավարը հայտարարագրել է միանգամից 278 մլն դրամ եւ 2մլն 980 հազար դոլար: Ընդ որում, ՊԵԿ ղեկավարն իր հայտարարագրած ունեցվածքով ՀՀ ամենահարուստ մարդկանցից մեկն է, իսկ պաշտոնյաների մեջ, թերեւս, ամենահարուստը: Անգամ Սերժ Սարգսյանի կամ ԱԺ նախագահի ու վարչապետի ունեցած միջոցներն ավելի քիչ են, քան Գ. Խաչատրյանինը:
Նշենք, որ ԱԺ ներկայացված օրինագծի համաձայն, ՀՀ նախարարների աշխատավարձերը 300 հազարից դառնալու են 792 հազար դրամ:
Ու, քանի որ նրանց աշխատավարձը նույն չափի է, ներկայացնենք նրանց ունեցվածքի մասին հայտարարագրերի տվյալները:
Ըստ այդմ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը 2013թ. հայտարարագրել է 30 մլն դրամ։
ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը 2012թ.` 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո:
ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանը հայտարարագրել է 6 հազար 750 եվրո, 70 հազար դոլար եւ 2.5 մլն դրամ: Նա նաեւ ստացել է «այլ եկամուտ»՝ 4.2 մլն դրամի չափով եւ փոխառնություն` 1մլն 20 հազար դրամ:
ԱԻ նախարար Ա. Երիցյանը հայտարարագրել է 34 մլն դրամ, ԱԳ նախարար Է. Նալբանդյանը` 49 հազար 800 եվրո եւ 140 հազար դոլար: Ընդ որում, ՀՀ ԱԳ նախարարը գերադասել է իր փողերը չպահել դրամական տեսքով: Նա նաեւ գույքի օտարումից ստացել է 54 մլն դրամ եկամուտ:
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի ունեցվածքը կազմել է 30մլն դրամ, 6.5 հազար եվրո եւ 705 հազար դոլար:
ՀՀ գյուղնախարար Ս. Կարապետյանի ունեցվածքը եղել է 168 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար եւ 78 հազար եվրո:
ՀՀ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի ունեցվածքը կազմել է 15 հազար դոլար:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է, որ ունի 4 մլն 200 հազար դրամ։
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի ունեցվածքը կազմել է 6 հազար 781 դոլար։
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ներկայացրել է, որ ունի 21 մլն 866 հազար դրամ, 43 հազար դոլար, 12 հազար 712 եվրո:
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի դրամական միջոցները կազմել են 11.5 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանը ներկայացրել է, որ ունի 400 հազար դրամ եւ 5 հազար դոլար:
ՀՀ քաղաքաշինության նախարար Ս. Թադեւոսյանի ունեցվածքի հայտարարագիրն ունի հետեւյալ տեսքը` 20 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վ. Գաբրիելյանն էլ ունի 2.5 մլն դրամ եւ 15 հազար դոլար:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով իրենց ունեցվածքի մասին հայտարարագրեր չեն ներկայացրել տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանը:
Փաստորեն, նման ահռելի ունեցվածքի տեր անձանց աշխատավարձերը բարձրացվելու են 20-10 գործակցով: Այնինչ հասարակ ուսուցչի կամ բժշկի աշխատավարձը 2-5 գործակցից ավելի չի բարձրանա: Ահա սա է Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանը: Ապահով, բայց միայն իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս